Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի՝ ՔՊ թեկնածուի գովազդային պաստառը. shamshyan.com


13:29 , 26 նոյեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մեծշամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի  վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի  մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ: Հավաքվածները կատակում էին, ասելով՝ «Opel-ի վարորդը Վ. Խաչատրյանի բարեկամն է  ու այնպես է բախվել էլեկտրասյանը, որ  ասես՝ էլ չսպասելով երկրոդ ռաունդին, առաջին ռաունդով «նոկաուտի է ենթարկել թեկնածուի ցուցանակը»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: