«Սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված». Նիկոլ Փաշինյան


22:18 , 16 նոյեմբեր, 2021

Hetq.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ Հայաստանի արևելյան սահմանին իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ հարձակումը սկսել են նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին։ Նրա խոսքով՝ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Փաշինյանը տեղեկացրեց, որ հայկական կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ հետագայում կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2021թ․ մայիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, ինչը տեղի է ունեցել միջազգային հանրության լռության պայմաններում։ Վարչապետը կոչ արեց միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։

«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ։ Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։

Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ-ն հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, ինչպես նաև գերեվարվել է ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող։