Նոյեմբերի 7-ին՝ Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ, զոհվեց մայոր Հովսեփյանը. նրա մարմինը հողին հանձնվեց փետրվարի 11-ին


23:02 , 7 նոյեմբեր, 2021
Դավիթ Հովսեփյանը 5 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Հենց այդ տարի էլ ընտանիքը Թուրքմենստանից տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ և բնակություն հաստատում Խաչեն գյուղում։
2000թ Դավիթն ընդունվում է ՌԴ Սանկտ Պետերբուրգի ռազմական ինստիտուտը, որպես ֆիզպատրաստության սպա։ 2005թ.-ին՝ ավարտելուց հետո, ծառայության է անցնում Արցախի ՊԲ-ում։ 9 տարի ծառայում է 9-րդ Պաշտպանականում (Ջրականի/Ջեբրաիլի շրջան), այնուհետև տեղափոխվում Իվանյանի տանկային բրիգադը (Խոջալու)։ 2016թ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր, «Արիության համար» մեդալակիր։
Չնայած, որ նա կարող էր մնալ զորմասում և ի պաշտոնե ակտիվ մարտական գործողություններին չմասնակցեր, այնուամենայնիվ Դավիթը սեպտեմբերի 27-ից պատերազմի թեժ կետերում էր. սկզբում` Ջրական (Ջաբրայիլ), Վարանդա (Ֆիզուլի), ապա` Հադրութ և Մարտունի ուղղություններում։
Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ զոհվեց մայոր Հովսեփյանը։ Նրա մարմինը հողին հանձնվեց փետրվարի 11-ին, իր հարազատ Խաչեն գյուղում...
Հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Ամուսնացած էր, ուներ մեկ զավակ։
Հավերժ փառք քեզ, պարոն մայոր։