Ովքեր կարող են կանեփ աճեցնել Հայաստանում եւ ինչպես ստանալ լիցենզիա


20:08 , 3 նոյեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցերն առաջիկայում կլուծվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել արտահանման եւ մեծածախ առեւտրի քվոտաները: Կսահմանվի քվոտաների նվազագույն չափ:

Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ գնել, վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Բացի այս, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ի դեպ, հայտ ներկայացնելիս անձը կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար: Իսկ հայտատուն կարող է դիմել լիցենզավորման միայն անհրաժեշտ տարածքային և գույքային հագեցվածությունն ապահովելուց հետո:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոնան գերազանցող ամեն տոննայի համար սահմանվելու է 60 մլն դրամի տուրք:

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Տեղեկացնենք, որ լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիա ստանալու համար։