«Ժողովուրդ». Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում


12:11 , 3 նոյեմբեր, 2021

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում է Հայաստանում պատվաստումների պատկերը: Եվ չնայած հոկտեմբերի 14-ից աշխատողները պետք է պարտադիր ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք կամ դրա փոխարեն կորոնավիրուսի բացասական թեստ, սակայն, չնայած դրան, պատվաստումների թվերը մեծ թափով չեն ավելանում: Եվ դրա հետ մեկտեղ պատվաստվողների մեջ մեծ թիվ են շարունակում կազմել օտարերկրացիները:

Այս պահի դրությամբ հայտնի են հոկտեմբերի 26-ի տվյալները, և այդ տվյալներով՝ Հայաստանում իրականացված պատվաստումների 2,9 տոկոսը բաժին է ընկնում օտարերկրացիներին` մոտ 20 հազար հոգի, իսկ 97,1 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներին։

Տեղեկացնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։

Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել շուրջ 20 հազար օտարերկրացի: Նկատենք, որ, ամեն դեպքում, հայաստանցիների շրջանում պատվաստման ցուցանիշը խայտառակ ցածր է: Եթե պարտադրանքը չլիներ, այսպիսի ցուցանիշ էլ չէր ստացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում