Մենք շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին․ Արսեն Թորոսյան


19:49 , 26 հոկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթը կորոնավիրուսի մասին էր։ Նրա խոսքով՝ եթե պատվաստանյութերի մասին այլ բան են ասում, ուրեմն խաբում են․

«Աշխարհում կյանքը փոխվել է, մեր երկրում այդ փոփոխությունը սկսվել է 2020 թվականի մարտի 1-ից, խոսքն, իհարկե, կորոնավիրուսային հիվանդության մասին է։ Մեր երկիրն ունեցել է հիվանդության մի քանի ալիք, ավելի քան 1 տարի անց այժմ մենք գտնվում ենք 4-րդ ալիքում։ Այո, մեր կյանքն էականորեն փոխվել է, մենք ստիպված կրում ենք դիմակ, փորձում ենք հեռավորություն պահել մեր ընկերների և հարազատների հետ շփվելիս, մենք խուսափում ենք մարդաշատ վայրերից և այլն։ Վիճակագրությունը, կամ օրական հաստատված թվերի հրապարակելը, մեր որոշ քաղաքացիների կյանքում հնարավոր է ոչինչ չեն փոխում, բայց մենք ունեցել ենք հազարավոր զոհեր։ Երեկ մահացած 57 քաղաքացիներից յուրաքանչյուրը մեզնից որևէ մեկի հայրն է, մայրը, քույրը կամ եղբայրը։

Ի ուրախություն բոլորիս հիվանդության դեմ պայքարելու և միլիոնավոր մարդկային կյանքեր փրկելու համար բավականին սեղմ ժամկետում սկսվեցին covid19-ի դեմ պատվաստանյութերը, պատվաստանյութերն ընդհանրապես մարդկության պատմության մեջ ամենաշատ մարդկային կյանքեր փրկած և փրկող գիտական հայտնագործությունն են, և դրանց պետք է վերաբերել միայն այդպես, եթե որևէ մեկը ձեզ այլ բան կասի պատվաստանյութի մասին, ապա նա դիտմամբ կամ անտեղեկությամբ խափում է ձեզ»,- ասաց Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե պատվաստվեն, կվերադառնան նախկին կյանքին․

«Այժմ մենք պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կայնքին»։