2 դպրոց անցել է հեռավար ուսուցման․ ուսուցիչների և աշակերտների մեջ կան քովիդով հիվանդներ, կոնտակտավորներ և ջերմողներ


16:19 , 21 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներն անցել են 14-օրյա հեռավար ուսուցման․ պատճառը կորոնավիրուսով հիվանդների թվի աճն է և բարձր ջերմաստիճան ունեցող մարդիկ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը: 

Նրա խոսքերով՝ նշված գյուղերում բավականին շատ են հիվանդները, կոնտակտավոր երեխաներն ու հիվանդ ուսուցիչները․ «Ուսուցիչների և աշակերտների 10 %-ից ավելին ջերմում էր և կային կորոնավիրուսով հիվանդներ և որպեսզի ավելի չավելանա նրանց թիվը հեռավար ռեժիմի անցնելու որոշում կայացվեց։ Երկու գյուղերի հետ կապված մտավախություն կար և տվյալ տարածքը սպասարկող առողջապահության խորհուրդը գտավ, որ բարդ խնդիրներից խուսափելու լավագույն տարբերակը սա է։ Երկուշաբթի օրվանից նշված դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է հեռավար, իսկ քանի որ հաջորդ շաբաթվանից դպրոցներում աշնանային արձակուրդ է, կստացվի 14 օր են հեռավար լինելու՝ մեկ շաբաթ հեռավարով, մեկ շաբաթ՝ արձակուրդով։ Արդեն նոյեմբերի 1-ից դպրոցները կանցնեն բնականոն աշխատանքի և դասերը կվերսկսվեն»,- ասաց նա։ 

Ղումաշյանն անդրադառնալով մարզի այլ համայնքների դպրոցներին նկատեց՝ մյուսներում այսքան բարձր ցուցանիշ չկա․ «Հայաստանի այլ վայրերում, այստեղ էլ կան քովիդով հիվանդ և՛ ուսուցիչներ, և՛ աշակերտներ։ Քովիդով ուսուցիչները անցնում են բուլետենի, այսինքն իրենց փոխարինող է նշանակվում։ Աշակերտների դեպքում՝ անցնում են հեռավարի»,- նշեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետը։ 

Գևորգ Ղումաշյանը եզրափակելով խոսքը նշեց, որ կորոնավիրուսի դեպքերը ինչպես ամբողջ հանրապետությունում, Շիրակի մարզում ևս նվազման միտում չունեն, հետևաբար ձեռնարկվում են միջոցներ հիվանդության տարածումը հնարավորինս կանխելու նպատակով: