22-ամյա երիտասարդը «Հրազդան» ՔԿՀ–ում փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին (Video)


18:33 , 20 հոկտեմբեր, 2021

Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել:

Քրեական հետախույզները, համագործակցելով արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի կանեփի դեղնականաչավուն զանգված, յուրահատուկ հոտով գորշ, սպիտակ ու կապույտ փոշենման զանգվածներ և դեղին հեղուկով ծխամորճ:

Նշանակվել է փորձաքննություն։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։