Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան


13:37 , 19 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է: