Երկու օր առաջ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ադրբեջանցիները ճանապարհը փակում են. Փարսյանը՝ Փելա Սարի մասին


14:12 , 18 հոկտեմբեր, 2021

Այնտեղ հատվածներ կային, որ օգտագործվում էին եւ մեր կողմից, եւ ադրբեջանցիների կողմից, բայց երկու օր առաջվա դրությամբ, ամբողջովին անցավ իրենց վերահսկողության տակ եւ մեր կողմից այդ հատվածներն այլեւս չեն օգտագործվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գրառմանը, թե Փելա սարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Նրա խոսքով, դա շատ լուրջ ստրատեգիական բարձունք է, որտեղ ժամանակին տեղակայված է եղել հայկական զորամասերից մեկը. «Զորամասը վաղուց չկա, 2020-ի դեկտեմբերի 18-ից հետո: Երբ դեկտեմբերի 18-ին ՊՆ-ի հրահանգով մենք զիջեցինք բոլոր անվտանգության գոտիները, ադրբեջանական կողմը մոտեցավ նաեւ Փելա սարին: Բավականին բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, մի քանի անգամ իրենք փորձեցին ամբողջովին վերցնել Փելա սարի վերահսկողությունը, ինչը չհաջողվեց: Չհաջողվեց նաեւ մեր ակտիվ ներգրավվածության պատճառով, հայ սահմանապահների ակտիվ ներգրավվածության պատճառով: Արդյունքում հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես: Դրա համար ասվում է, որ այդ ռազմավարական կարեւոր հատվածը ամբողջովին անցել է իրենց վերահսկողության տակ»,-ասաց Փարսյանը:

Հարցին, թե ի՞նչ բացատրություն է դրան տվել ՊՆ-ն, Կապանի համայնքապետն արձագանքեց. «Ես չունեմ իրենց կողմից որեւէ բացատրություն: 1990-ականների պատերազմի ժամանակ այդ արձունքից ուղիղ խոցվում էին մեր բնակավայրերը: Այդ բարձունքն առավել մոտ է Ագարակ գյուղին, Խդրանց գյուղին, Սյունիք գյուղին, Դիցմայրի գյուղին, նաեւ Կապան քաղաքին»:

Նա հավելեց, որ իրեն տեղեկացրել են, որ ինչ-որ բանակցություններ դեռ պետք է լինեն. «Սպասենք, տեսնենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»: