Armenpress.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում իրենց կողմից Սիրիայում կատարվելիք քայլերը տարբերվելու են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դիմանում էինք մինչև որոշակի պահ, և վերջին անգամ մեր երկու ոստիկանները հարձակման ենթարկվեցին PKK-ի և YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների») կողմից: Մոտակա ժամանակահատվածում նրանց դեմ մեր պայքարը կշարունակվի բոլորովին այլ կերպ: Մենք պայքարելու ենք այնպես, ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում են, ինչպես Միացյալ Նահանգները , այնպես էլ Բաշար Ասադի ռեժիմը: Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում »,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարին:
Չավուշօղլուն նշել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել էր Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»,-ակնարկելով, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել, ասել էր Չավուշօղլուն:
Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել:
Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:
Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը: