Հոկտեմբերի 15-ին՝ իր ծննդյան տարեդարձի օրը, զոհվեց Արամայիսը. հերոսաբար կռվեց, հերոսաբար էլ ընկավ հայրենի հողի պաշտպանության համար


15:08 , 15 հոկտեմբեր, 2021

Արամայիս Մուրադյանը Շիրակի մարզ Կապս գյուղից էր։ 2019 ավարտելով Շիրակի պետական համալսարանի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» բաժինը, ամառային զորակոչին Արամը զորակոչվում է բանակ։

Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում վեցամսյա զինպատրաստություն անցնելուց հետո զորամասում մնալու առաջարկից հրաժարվեց: Կրտսեր սերժանտի կոչումով՝ որպես տանկի հրամանատար, ծառայությունը շարունակեց Սանասարի (Կուբաթլուի) զորամասում։
Պատերազմի հենց առաջին իսկ օրվանից Արամենց զորամասը մարտական գործողությունների մեջ էր։
Երբ գյուղի ընկերները հեռախոսով խոսում էին նրա հետ ու հարցնում՝ «Ի՞նչ պիտի լինի էս պատերազմի վերջը», Արամը պատասխանում էր. «Որ ես հետ գամ, ուրեմն հաղթել ենք»։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին` իր ծննդյան տարեդարձի օրը, զոհվեց Արամայիսը։ Զոհվեց մարտական ընկերների հետ կողք-կողքի։ Հերոսաբար կռվեցին, հերոսաբար էլ ընկան հայրենի հողի պաշտպանության համար։
Արամը 23 տարեկան էր։