Օդում, ջրում և ցամաքում. «ամենահաս» Թորոսյանի ձախողված PR-ը


10:36 , 14 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Վերջին օրերին իշխանական մամուլի ուշադրության կենտրոնում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս մեկ հայտնվում է ինքնաթիռի սրահում և բուժօգնություն է ցույց տալիս ուղևորներին, մեկ էլ շատ պատահական հայտնվում է ճանապարհային պատահարի կիզակետում և այստեղ նույնպես վերհիշում է իր մասնագիտական հմտությունները: Իհարկե, նորմալ է, որ Հիպոկրատի երդումը Թորոսյանի մեջ դեռ խոսում է, նորմալ չէ այն, որ այդ երդումը խոսում է միայն միացված տեսախցիկների դեպքում:

Ակնհայտ է, որ պատգամավորի պաշտոնը ստացած Թորոսյանը հայտնվել է որոշակի լուսանցքում և ամեն գնով փորձում է փիառվել` ստեղծելով իր համար սուպերմենի իմիջ: Իմիջը, սակայն, այնքան էլ իրեն չի արդարացնում, քանի որ հպարտ քաղաքացիները դեռ հիշում են՝ ինչպես էր Թորոսյանը  ԱԺ-ում մարդ ծեծում:

Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Թորոսյանը դեռևս նոր էր ստանձնել նախարարի պաշտոնը, ֆեյսբուքում վերջինիս ֆան-ակումբն էր բացվել, որտեղ իրենց սրտի նախարարի անխնա գովքն էին անում: Սակայն, երբ բանը բանից անցավ և սրտի նախարարին կարգեցին ապագա վարչապետ, էջը անմիջապես պասիվացավ: Ինչպես երևում է՝ այդ ժամանակ Թորոսյանն իր փիառով զայրացրեց վերևներին:

Այժմ ականատես ենք լինում փիառի երկրորդ արարին, ինչպես հասկանում ենք՝ շոուներից զատ` ՔՊ-ական երեսփոխանը ոչնչով առանձնապես աչքի չի ընկել և չի ընկնում...