Իրանը Ադրբեջանի համար օդային տարածքը չի փակել. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ


14:38 , 11 հոկտեմբեր, 2021
Armeniasputnik.am-ը գրում է.
Իրանի իշխանությունները չեն փակել օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք երբեք չենք փակել օդային տարածքը Ադրբեջանի համար։ Ցամաքային սահմանը նույնպես բաց է, կապ կա, և մարդիկ տեղաշարժեր են իրականացնում», - նրա խոսքը մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դիվանագետը հավելել է, որ «երկու երկիր պետք է թույլ չտան երրորդ կողմերին ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա»: Նրա խոսքով՝ իրանական կողմը հայտնել է իր մտահոգությունների մասին։
«Բաքվում մեր ընկերները հայտարարել են, որ կլուծեն այդ խնդիրները։ Որոշ հարցերի և խնդիրների վերաբերյալ մեր սպասելիքները, որոնք մենք կապել էինք Ադրբեջանի հետ, չարդարացան»,- հավելել է Խատիբզադեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին արաբական և ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրանի իշխանությունները փակել են Նախիջևանի օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի համար: ԶԼՄ-ները հայտնում էին նաև, որ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակի մատակարարումներն իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։