Ողբերգական դեպք՝ Երևանում. 9-ամյա որոնվող տղայի դին ոստիկանները հայտնաբերել են փլված բետոնե քարի տակ


10:53 , 11 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, զայրացած ասում էին, որ նշված տարածքը ինչ-որ մարդու սեփականությունն է, ով չի պաշտպանել անվտանգության ոչ մի կանոններ։ Տարածքում տիրում է բարձիթողի վիճակ, ոչ մի անվտանգության պատ չկա, ու երեխաները կարող են առանց խոչընդոտի հայտնվել այդ տարածքում, իսկ նման վտանգավոր բետոնե պանելներ բավականին շատ են։