Հոկտեմբերի 8-ը Հայաստանում նշվում է որպես Տանկիստի օր. ՊԲ Տանկային բրիգադներից մեկում օրերս խաչքար է տեղադրվել, 2 կողմերում՝ տղերքի անուններն են, թվով 50-ը


23:11 , 8 հոկտեմբեր, 2021
1996-ից ի վեր` Վազգեն Սարգսյանի հրամանով, հոկտեմբերի 8-ը Հայաստանում նշվում է որպես Տանկիստի օր:
ՊԲ Տանկային բրիգադներից մեկում օրերս տեղադրվել է 44-օրյա պատերազմում այդ զորամասի կազմում կռված ու զոհված տանկիստներին ու սպաներին նվիրված խաչքար։ Խաչքարի 2 կողմերում տղերքի անուններն են, թվով 50-ը։ Ու այդ շարքերում ինձ արդեն ծանոթ ու հարազատ անուններ եմ տեսնում. Առուշանյան Դավիթ, Ջավախյան Գևորգ, Յակովլև Դավիթ, Կարապետյան Գևորգ, Ասատրյան Հովիկ, Չոբանյան Արեն...
Մի քանի տասնյակ տոննայանոց այս զրահամեքենաներում մեր տղերքն իրենց անպարտ էին զգում։ Եվ իմ ճանաչած բոլոր զոհված տանկիստներն էլ եղել են իրենց գործի վարպետը, փայլուն են կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Ու զոհվել են կամ անհավասար մարտում, կամ օդից եկած անսպասելի հարվածից։
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը, տանկիստներ ջան։ Փառք ձեր նահատակված ընկերներին և բազկի ամրություն ձեզ։