Գործընթացը մասամբ սկսվել է. Ալիևը հայտարարել է, թե ինչ նախապայմաններով է կնքվելու խաղաղության պայմանագիրը


16:33 , 6 հոկտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ գործընթացում հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը։ 

Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ու բացահայտ նշել, որ դրա համար կան նախապայմաններ։ Այն է՝ սահմանազատման աշխատանքներ ու հաղորդակցությունների բացում։ Ըստ Ալիևի՝ դրանք կլինեն ամրագրված խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գործընթացը մասամբ սկսվել է։

«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան ժամանակաշրջանում տարածաշրջանում խաղաղության ապահովումն է։ Մենք ուզում ենք շրջել այս էջը, դա մեր քաղաքականությունն է։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի ստորագրման, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների բացման հարցերով։ Այս գործընթացը մասամբ սկսվել է»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։