«Ավելի պայթյունավտանգ փաստաթուղթ է ստորագրվելու». Մետաքսե Հակոբյան


21:14 , 27 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

«Պատերազմից մեկ տարի անց ունենք ավելի ծանր իրավիճակ, քան ունեինք մեկ տարի առաջ այս օրը, որովհետև երբ պայթեց առաջին ականը, մենք մտածում էինք, որ, ի վերջո, խաղաղության վերջին փամփուշտը պետք է մեր զինվորը կրակի, և դրանով հաստատվի խաղաղություն, այսինքն՝ մենք միանշանակ պետք է հաղթենք պատերազմում: Դա ավելի շատ խաղաղության սպասում էր, քան արհավիրքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով՝ մեր զինվորը, մեր ազգը շատ ծանր ձևով դավաճանվեց:

«Ամենաանտանելին այն է, որ այս մի տարվա ընթացքում գոնե վեր հանվեին պատերազմի իրական պատճառները, բացահայտվեին մեղավորները, ինչ-որ մարդիկ իրենց վրա պատասխանատվություն վերցնեին, դրա փոխարեն՝ շատ հաջողված ձևով այդ պարտությունը բարդեցին զոհվածի մոր ուսերին, մեր զինվորի և, ընդհանրապես, ազգի ուսերին, և իրենք իրենց օրակարգով շարունակեցին կառավարել:

Այսօր այն իրավիճակում ենք, որ եթե երբևէ գոնե գիտեինք՝ Արցախը դեռ չունի կարգավիճակ, և պայքարում էինք դրա համար, որ օրերից մի օր ձեռք բերի այդ ճանաչումը, բայց հիմա թելից կախված, ամեն օրով ապրելով՝ մտածում ես՝ փառք Աստծո, որ այսօր խաղաղ անցավ օրը: Յուրաքանչյուրն է գիտակցում, որ քանի դեռ կան այս իշխանությունները, Արցախը երբևէ չի կարող կարգավիճակի հնարավորություն ունենալ: Միգուցե իրենց եղբայր Ադրբեջանի նախագահի հետ փաստեն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Եթե այսօր Արցախում լինեիք՝ կտեսնեիք, որ առավոտից անընդհատ լռություն է եղել, ամեն մեկը՝ իր ցավի, իր դարդի հետ, և արդեն մեկ տարին ամփոփած՝ մենք պատերազմի շարունակությունը դեռ տեսնում ենք՝ մեր գտնված մասունքներով, նոր հուղարկավորություններով, Եղբայրականի և Եռաբլուրի մեծացմամբ: Դեռ մեկ տարին չբոլորած՝ հայրեր են մահանում, արդեն որերորդ դեպքն է, չեն դիմանում այդ ցավին, այդ կսկիծին, այդ պարտության բեռին, որ իրենց ուսերին է դրված: Մայրեր են ինքնասպանության փորձեր անում, շատ-շատ են արդեն, որ չեն ուզում ապրել, չեն կարողանում: Սա է իրավիճակը»,- ընդգծեց նա:

Մ․ Հակոբյանն ազգին չի մեղադրում և երբևէ չի էլ մտածել, որ հայը կորցրել է իրեն, հայի դիմագիծն այլևս չկա, ուղղակի, նրա գնահատմամբ՝ իշխանությունները կարողացել են հայտնի տեխնոլոգիաներով շեղել մարդկանց. «Մարդկանց շեղում են դեպի առօրյան, դեպի նյութականը, որովհետև չի կարող հայը իր երեխայի կյանքը ստորադասել նյութականին, բայց ստացվեց հենց այդպես, որ մենք փաստորեն ստորադասեցինք մեր երեխաների կյանքը, որովհետև այս թուրքահաճո իշխանությունները կարողացան այդ օրակարգը մտցնել շրջանառության մեջ: Այսօր ունենք լքված, հուսալքված, անտեր մնացած Արցախ և վտանգի մեջ գտնվող Հայաստան: Այստեղ սիրտներս ճաքում է, և երբ փորձում ենք ինչ-որ բան անել, մեզ ասում են՝ դուք ի՞նչ կապ ունեք Հայաստանի հետ, գնացեք՝ ձեր Արցախով զբաղվեք: Դա ասում են նաև Հայաստանի իշխանությունները: Ունենք պառակտված երկու հայկական պետություններ. Այս իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում, որ պառակտեն երկու հայկական պետություններում ապրող հայերին»:

Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանություններից ազատվելն է. «Պետք է չունենանք այս իշխանություններին, որովհետև ոչ թե մեզ դուր չեն գալիս, այլ տեսեք՝ որևէ պատերազմ չի կարող վերջնական փաստաթուղթ լինել, չի կարող կարգավիճակ տալ կամ խլել, կամ վերջնական հարց լուծել, և այդ պատճառով պետք է անպայման լինեն բանակցություններ: Այսինքն՝ պետք է բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմերը նստեն, բայց կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունները չեն կարող բանակցություններ վարել: Բանակցությունները լինում են գոնե քիչ թե շատ իրար հավասար կողմերի միջև, իսկ այստեղ լինելու է կապիտուլյացիայի ենթարկված անձ կամ անձինք, որոնց ուղղակի թելադրելու են, և իրենք անելու են այն, ինչ իրենց ասեն: Իսկ մեր պարագայում արդեն իսկ տեսնում ենք՝ ինչ են ասում իրենց, և ինչպես են իրենք դա անում: Չի կարող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կամ, առավել ևս՝ Արցախում, հաստատել խաղաղություն, որովհետև այն խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում են Ալիևն ու էրդողանը, և որը չի հերքում Նիկոլ Փաշինյանը, հակառակն է՝ ավելի պայթյունավտանգ փաստաթուղթ է ստորագրվելու, որից հետո Արցախը փաստացի հանձնվում է Ադրբեջանին, Սյունիքն է հանձնվում, և ամենակարևորը՝ Մեղրիի միջանցքը: Բայց դրա փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոմունիկացիաները կբացվեն, որևէ խնդիր չի լինի և խաղաղություն կլինի տարածաշրջանում: Իհարկե, այդպես չի լինելու, որովհետև մարդ, ով իր հայրենիքը հեշտությամբ զիջում է, դառնում է ստրուկ, իսկ ստրուկի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են: Եթե ուզում ենք ելք գտնել, փրկվել, ուղղակի պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ՝ ազատվել այս իշխանություններից»: