Պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկում է կարգավորել հարաբերությունները


11:59 , 27 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանը այսօր տոնում է հաղթանակը, պատերազմի մեջ կրկին մեղադրում Հայաստանին, ապա երկրի արտաքին գերատեսչությունը հաղորագրության ավարտին հայտնել է, թե պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով», - ասված Է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակի տակ էր պահում Արցախի ամբողջ տարածքը, ռմբակոծվում էր նաև Ստեփանակերտը։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։