Իշխանական թեկնածու Ղուլունցի համար շարունակում են թեկնածուներին ահաբեկել


19:28 , 24 սեպտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հոկտեմբերի 17-ի ընտրությունները, ընդ որում՝ առաջին անգամ համամասնական ընտրակարգով, թեժ են լինելու․ այստեղ պայքարի են դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Ղուլունցը` Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, եւ Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որն էլ առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունով։

Տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ Ղուլունցը դառնա Տեղի ղեկավար, այդ իսկ պատճառով  չեզոքացրեցին «Ապրելու երկիր» կուսակցությունից մեկ այլ թեկնածուի՝ Սեւակ Ավետիսյանին, նրանից հետո նոր միայն առաջադրվեց Արգամ Հովսեփյանը։ Նույն այդ տեղեկություններով՝ Դավիթ Ղուլունցի «հարցերը» փորձում է լուծել եղբայրը՝ Սասուն Ղուլունցը, նա է հանդիպում մյուս կողմի թեկնածուների հետ, ստիպում՝ հանել թեկնածությունը, անգամ սպառնացել է Արգամ Հովսեփյանին՝ թե ոտքը, մեջքը կջարդի։ Նույն գործի վրա է նաեւ մարզպետը, նա էլ վերջերս իր մոտ է կանչել թեկնածու Ռոման Գրիգորյանին, ստիպել է հանել թեկնածությունը, վեջինս էլ հանել է։

Ավագանու թեկնածուները հերթով ցուցակից դուրս են գալիս՝ իշխանության ճնշումների ներքո: Ոմանց սպառնում են՝ աշխատանքից ազատել, ոմանց էլ՝ ֆիզիկական բռնությամբ են հարկադրում։

Արգամ Հովսեփյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցակից արդեն 6 հոգի հանել է թեկնածությունը, ընդհանուր առմամբ՝ մնացել են 13 հոգի։ «Ահաբեկել են մեր ավագանիների թեկնածուներին, հանել են թեկնածությունը։ Ես թեկնածուներին ասել եմ՝ մի վախեցեք, ես կանգնած եմ ձեր կողքին։ Ես թուրքին եմ վախեցրել...»։

Մասիս Զեյնալյանը, որը Հովսեփյանի գլխավորած ցուցակում է, թեպետ ստիպել են հանել թեկնածությունը, սակայն նա չի ընկրկել։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ է եղել, սակայն ինքը չի ենթարկվել։ Հետո մի քիչ փոխեց խոսքը, թե իրեն ոչ թե ասել կամ առաջարկել են հանել թեկնածությունը, այլ ամեն կողմն ասում է՝ իրեն ընտրի․ «Ինձ առաջարկել են՝ արի մեզ ընտրի, ես էլ ասել եմ՝ դու մեր գյուղից, ինքը մեր գյուղից է, տարբերություն չկա։ Ինձ վրա ճնշումներ չկան, ես պատերազմի ճամփաներն անցել եմ, 100 անգամ պայթելուց եմ պրծել, մի անգամ թուրքից չեմ վախեցել»։

Նա հաստատեց, որ իրենց ցուցակի թեկնածուներին ճնշում են․ «Մեկը բուժքույր է եղել, բայց ես դուխ եմ տվել, ասել եմ՝ ինչի՞ համար եք հանում կամ վախում։ Չեմ կարա ասեմ՝ թե ում ինչ պատճառով են ստիպել, ինձ չեն ստիպել։ Նստել, խոսել ենք, եղբայրն ասել է՝ թող իմ ախպերը լինի, ես էլ ասել եմ՝ ի՞նչ տարբերություն, թե քո ախպերը լինի, թե Արգամը լինի։ Հո՞ քո ախպերը չի գալու «մալան» (շինարարական գործիք) վերցնի, էրեխեքին պահի։ Ախպեր են էլի, ի՞նչ տարբերություն, ուզում են իրենց ախպերը լինի»։

Ռոման Գրիգորյանը, որը հանել է թեկնածությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր վրա ճնշումներ չեն եղել․ «Ես իմ կամքով եմ հանել, ես սկզբում իմացել եմ, որ անհատական է, ոչ թե համամասնական ընտրակարգով, դրա համար հանել եմ։ Իմ ցանկությունն է եղել, որ հանել եմ»։ Հարցին, թե ինքը քաղաքական ի՞նչ դիրքորոշում ունի, ո՞ւմ է ընտրելու, պատասխանեց․ «Հլը չեմ կողմնորոշվել՝ ում եմ ընտրելու, ես սովորական քաղաքացի եմ, կողմնորոշումը ո՞րն է, որտեղ իշխանությունն, այնտեղ էլ մենք»։

Դավիթ Ղուլունցն էլ ճնշումների եւ ազդեցությունների մասին ասում է, թե նման բան չկա՝ որպես ապացույց ավելացնելով, որ իր մարզպետ քեռուն վերջին անգամ երկու ամիս առաջ է տեսել։