Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ ՌԴ առաջարկությունը


15:39 , 24 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիան չի կարող ընդունել Կուրիլյան հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի (ՀՏԿ) ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, այդ դիրքորոշումը երկրի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հաստատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա Տոկիոյի հրաժարումը պատճառաբանել է այն բանով, որ այդ սխեման ենթադրում է կղզիների վրա ռուսաստանյան օրենքների կիրառում:

Ինչ վերաբերում է կղզիների վրա համատեղ տնտեսական նախագծերին, ապա դրանք, ճապոնական կողմի կարծիքով, պետք է իրականացվեն առանց Ճապոնիայի իրավական դիրքորոշումը ոտնահարելու: ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը նաև շոշափել են հաշտության պայմանագրի ստորագրման հարցերը և պայմանավորվել՝ շարունակել բանակցությունները:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները՝ տարբեր հնարավորություններ օգտագործելով ռուս-ճապոնական հարաբերությունների լայն զարգացման համար»,-Մոտեգին լրագրողներին ասել է հանդիպումից հետո: