Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին


21:51 , 23 սեպտեմբեր, 2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

«Նիգերիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև համագործակցությանը։

Կողմերը կարևորեցին համատեղ քայլերի մշակումը, որոնք կարող են խթանել երկկողմ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։