Կայացել է Արցախյան 1-ին պատերազմի մասնակից Աշոտ Մանուկյանի անվան հուշամրցաշարը


21:16 , 23 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Սեպտեմբերի 19-ից 21-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց «Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էր 6 թիմ:

3-րդ տեղի համար պայքարում «Ուրարտուն» հաղթեց «Զովունիին», իսկ եզրափակչում հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն «Փյունիկը» 4:0 հաշվով առավելության հասավ «Հրազդանի» նկատմամբ՝ երկրրոդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն:

Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի ընտանիքինն է: Լեգենդար հրամանատարի որդու՝ Արսեն Մանուկյանի խոսքով, իր հայրը շատ էր սիրում ֆուտբոլ ու հիմա իրենք ամեն ինչ անում են հայկական ֆուտբոլին օգտակար լինելու համար:

«Սեպտեմբերի 21-ին հայրիկս կդառնար 63 տարեկան, բայց նա ապրել է 36 տարի: Հայաստանի անկախության և հայրիկիս ծննդյան օրը նման միջոցառում կազմակերպելը մեծ նշանակություն ունի: Մենք հույս ունենք, որ այս հուշամրցաշարը դեռ երկար տարիների կյանք կունենա ու մեր պատանի ֆուտբոլիստներին կոգեշնչի ավելիին ձգտելու հարցում»,- ասել է Արսեն Մանուկյանը:

Մրցաշարին հրավիրված հյուրերի թվում էին «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բանդարենկոն,Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Փյունիկ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հանձնվեցին նաև անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Դավիթ Ավագյանը՝ «Հրազդանից», լավագույն պաշտպանը Գոռ Գրիգորյան էր՝ «Ուրարտուից», լավագույն կիսապաշտպանը հաղթող թիմից Ահարոն Հովհաննիսյանն էր, իսկ լավագույն հարձակվողը «Զովունիից» Տիգրան Երիցյան էր: Խփած 3 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ «Փյունիկի» հարձակվող Վալերի Համբարձումյանը: Լավագույն գոլի հեղինակեց Արամայիս Սահակյան՝ «Զովունից», իսկ լավագույն մարզիչ ճանաչվե «Փյունիկի» գլխավոր մարզիչ Լևոն Ստեփանյանը: