Ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու թեստ հանձնել, բայց ամեն ինչ կարող է փոխվել


15:18 , 22 սեպտեմբեր, 2021
Armeniasputnik.am-ը գրում է.
Հայաստանի բուհերում սովորող ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնել, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա: Սակայն հաջորդիվ կքննարկվեն նաև այլ խմբերը՝ ելնելով
համաճարակային իրավիճակից», – ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում եթե աշխատողները պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն և թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: