Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան


16:59 , 15 սեպտեմբեր, 2021

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը:

Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Այնուհետև քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկաացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույտ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագարների շրջանակներում գործընթացի ակտիվացումը: