«Շենքի բնակիչները կարծել էին, որ Հրանտ Թոխատյանը մահացել է». զավեշտալի պատմություններ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից


14:29 , 6 սեպտեմբեր, 2021

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» սիրված ֆիլմի վերամշակված տարբերակը սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ է բարձրանալու:

Ֆիլմն առաջին անգամ էկրաններ էր բարձրացել ուղիղ 15 տարի առաջ՝ հենց սեպտեմբերի 15-ին: Ֆիլմի վրա մի քանի ամիս աշխատելուց հետո վերամշակված տարբերակի մասին ստեղծողները հպարտությամբ նշում են, որ այն իր ձևով համապատասխանում է նոր չափանիշներին: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նույնիսկ կատակում է՝ ասելով, որ 15 տարեկան ֆիլմը բավական թարմ է: Ի դեպ, ֆիլմը սեպտեմբերի 15-ից հասանելի է լինելու բոլոր կինոթատրոններում:

Blognews-ի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանը վերհիշել է ֆիլմի նկարահանումների հետ կապված մի քանի զավեշտալի պատմություններ:

Վստահ էին՝ թաքնված տեսախցիկ է

Նկարահանման առաջին օրը տեսարան ունեինք «Ռոսիա» կինաթատրոնի դիմաց: Պատկերացրեք, որ ամբողջ նկարահանման խումբն այնտեղ է, համապատասխան տեխնիկան տեղում է, սակայն երկու անծանոթներ մոտենում են հենց այն աթոռին, որտեղ ես եմ նստած, դիմացս էլ դրված են մոնիտորները:

Լսում եմ նրանց խոսակցությունը, մեկը մյուսին ասում է. «Տեսնես ինչ են նկարահանում»,-մյուսն էլ պատասխանում է. «Չես տեսնո՞ւմ՝ թաքնված տեսախցիկ են նկարահանում»: Այդ պահին, դիմելով նրանց, ասում եմ. «Ժողովուրդ, կամաց, թողեք հանգիստ նկարահանենք մեր թաքնված տեսախցիկը»:

Կարծել էին, թե տատին մահացել է… Նկարահանումների պահին գալիս էին՝ ցավակցելու

Նկարահանման համար մեզ անհրաժեշտ էր ճոխ տուն, որում ըստ սցենարի՝ ապրում էին այդ չորս «գողական» եղբայրները: Չեմ խաբի, եթե ասեմ, որ մոտ 30-ից ավել տուն տուն եմ նայել, սակայն այդքան էլ մերժվել եմ, որովհետև մարդիկ շատ սնահավատ էին: Երբ ասում էինք, որ ֆիլմ ենք նկարահանում, պետք է դագաղ բերենք տուն, գրեթե բոլորը մերժում էին: Երկար փնտրելուց հետո դժվարությամբ գտանք այդ տունը, նույնիսկ նկարահանումներն արդեն սկսել էինք, սակայն տուն չունեինք: Տվյալ տան սեփականատերն արվեստին մոտ մարդ էր, հասկացավ, թե ինչ ենք ցանկանում ստանալ, թույլ տվեց մեզ նկարահանումներ իրականացնել: Երբ սկսեցինք նկարահանումները, սևազգեստ մարդկանցով մասսայական տեսարան ունեինք, շտապօգնության մեքենա կար, դագաղի կափարիչն էլ դրսում դրված էր:

Մոտ մեկ շաբաթ այնտեղ նկարահանումներ էինք անում, այդ տանը ապրում էր մի մեծահասակ կին, գյուղի բնակիչներն էլ, տեսնելով այդ ամենը, կարծել էին, թե նա մահացել է:
Հերթով գալիս էին ցավակցելու: Առաջին անգամ անակնկալի էինք եկել, իսկ հետո արդեն մարդիկ ունեինք դռան մոտ կանգնած, ովքեր զգուշացնում էին ցավակցելու եկած մարդկանց, որ տատին չի մահացել: Մոտ 5-6 օր նկարահանումներ էինք անում, գրեթե ամեն օր 7-10 հոգի ծաղիկներով գալիս էին, որպեսզի ցավակցեն:

Շենքի բնակիչները կարծել էին, որ Հրանտ Թոխատյանը մահացել է

Երբ նկարահանումներն իրականացնում էինք բակում, այնտեղ երեխաներ կային, որ տեսել էին Հրանտին դագաղում, վազել էին իրենց տներ եւ ասել, որ Հրանտ Թոխատյանը մահացել է: Ամբողջ բակը հավաքվել էր, որպեսզի տեսներ՝ արդյոք նա մահացել է: Նրանց հետաքրքիր էր նաեւ, թե ինչու են Հրանտին այդ շենքից հանում, չէ՞ որ նա այնտեղ չէր բնակվում: Հանգստացնում էինք մարդկանց՝ ասելով, որ չի մահացել։

Տեսե՞լ ես էդ դագաղը, մեջը մի հատ ձեռքերդ ձգես, կքանդվի

Պետք է երկու դագաղ գնեինք, մեկը՝ էժան, մյուսը՝ թանկ: Նար-Դոս փողոցում դագաղ էինք գնում, հարցրի՝ թե ի՞նչ արժի դագաղը, ասացին, որ 150 դոլար է, ինչին ի պատասխան նշեցի, որ անմիջապես կողքը 100 դոլարով եմ տեսել, սակայն շատ զվարճալի պատասխան ստացա. «Տեսե՞լ ես էդ դագաղը, մեջը մի հատ ձեռքերդ ձգես, կքանդվի»: Սա իսկապես իմ ամենասիրելի զվարճալի պատմություններից է:

Դիահերձարանից գողացված դեղձի հայտնի տեսարանը

Ֆիլմում դեղձով հայտնի տեսարան կա, որը նկարահանել ենք դիահերձարանում: Ըստ տեսարանի՝ դիահերձարանի աշխատակիցը տղաներին դեղձ է առաջարկում: Վաչեի կերպարը մարմնավորող Դավիթ Թովմասյանը ցանկանում է դեղձը վերցնել, սակայն Աշոտին մարմնավորող Խորեն Լևոնյանը հարվածում է ձեռքին, որ դեղձը չվերցնի: Տեսարանը նկարահանեցինք, վերջացրինք, տուն էինք գնում, Նարեկ Ղափլանյանը, ով նույնպես նկարահանվում էր տվյալ տեսարանում, ասաց հետևյալը. «Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զվարճալի կլինի, որ Դավիթը գողացած լինի դեղձը և կադրում ուտի այն»:

Ասացի, որ իսկապես ծիծաղելի կլիներ, սակայն վերջացրել ենք և գնում ենք տուն: Արդեն տանն անդադար մտածում էի, որ իսկապես ստռացված կլիներ, եթե գողանար և մեքենայում ուտեր դեղձը: Որոշում կայացրի, որ պետք է նորից նկարահանենք, դա արեցինք ֆիլմի նկարահանման վերջին օրը, արդյունքում՝ մեքենայում Դավիթն ունեցավ այդ տեսարանը, հասկացա, որ պատահականությամբ ստեղծված դեղձի տեսարանը շատ կարևոր էր, հետագայում ամենահիշվողներից էր դարձել: