Մինչ օրս չհրապարակված կադրեր Մատաղիսում թշնամական 11-ից ավել БМП-ների խոցումից (2020 թ. հոկտեմբեր)


00:01 , 3 օգոստոս, 2021
Պատերազմից հետո կարծես թե երկրորդ պլան են մղվել պատերազմի օրերին ողջ մնացած ու իրենց հերոսաբար դրսևորած հրամանատարները։ Շատ էր խոսվում փախչող, դիտմամբ ինքնավնասում արած ու զորքին մենակ թողած սպաների մասին և դրանով ստվեր գցում մինչև վերջ զինվորի կողքին մնացած ու միմիայն նահանջ հրամանով դիրքը լքած հրամանատարներին։ Այսօր կպատմեմ մի այդպիսի հրամանատարի մասին, ով ողջ է, պատվով է կատարել իրեն տրված հրամաններն ու մի վայրկյան չի մտածել զինվորին մենակ թողնելու ու փախչելու մասին։ Փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյան։
Պատերազմին օրերին եղել է 6-րդ պաշտպանականի (Մատաղիս) 4-րդ գումարտակի հրամանատարը։ Հենց այդ գումարտակն էլ փոխգնդապետի անձնական ղեկավարությամբ 16 ՀՄՄ (БМП) է խոցել, որից 11-ը, ըստ մինչև հոկտեմբերի 18-ն արված արբանյակային լուսանկարները, մնացել են խոցված տեղերում, քանի որ այնպես են խոցվել, որ վերանորոգման ենթակա չեն եղել։
Պատերազմի առաջին օրը 3-րդ գումարտակի հրամանատար Մանվել Կարապետյանի հերոսաբար զոհվելուց հետո այն ժամանակ դեռևս մայոր Էդվարդ Եղիազարյանը ստանձել էր նաև նրա գումարտակի ղեկավարումն ու 101-ից մինչև 136 դիրքերն իր հրամանատարությամբ էին պահվում։
Մատաղիսի այդ հայտնի 136-որդ պոստում էր, որ զոհվել էր Արցախի հերոս Արթուր Աղասյանը։ Հենց այդ 136-րդ պոստի տեսանյութն էին ադրբեջանցիները վերջերս տեղադրել իրենց մոտ ու մանրամասն ցույց էին տալիս, թե ինչ գրագետ ու ամուր էր կահավորված այդ հայկական դիրքը։
Այդ 136-րդ դիրքը թշնամին պարբերաբար գրավել ու հետ է նահանջել։ Պատմում են, որ հենց լայնամասշտաբ գրոհ էր սկսվում այդ դիրքրի վրա, Եղիազարյանը հանում էր զորքին այդտեղից, հետո հայկական կողմը հրետակոծում էր այն, թշնամուն ստիպում նահանջել ու նորից զբաղեցնում էին այդ դիրքը։
Թալիշի երկու գումարտակների անձնակազմները սեպտեմբերի 27-ի ցերեկվա ժամը 2-ի կողմերը գրեթե գոյություն չունեին։ Մի մասը զոհվել էր, մի մասը՝ նահանջել։ Եվ ամբողջ 6-րդ պաշտպանական թևը թերևս միայն փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյանի գումարտակն էր պահում։
Հոկտեմբերի 3-ին ՊԲ հրամանատարության հրամանով նա նահանջում է։ Վերջին հրամանատարն էր, որ դուրս էր գալիս Մատաղիսից...
Նահանջելուց հետո անցնում է պաշտպանության ու մեծ ներդրում ունի, որ թուրքը Դրմբոն չի հասել, որովհետև Եղիազարյանի գումարտակը միակն ամբողջական գումարտակն ա եղել, որ ի վիճակի ա եղել նահանջից հետո անցնել կազմակերպված պաշտպանության։ Զորքը չի փախել, չի դասալքվե, մնացել է իր հրամանատարի կողքին, ինչպես հրամանատարն է մնացել իր զինվորների կողքին։ Հենց այդ օրերին էլ ստացել է փոխգնդապետի զինվորական կոչում ու նշանակվել 6-րդ պաշտպանականի հրամանատարի տեղակալ։
Հենց նման սպաների շնորհիվ է, որ Արցախի որոշ հատվածներում թշնամին սկզբնական հաջողությունից հետո այդպես էլ չկարողացավ առաջխաղացում ունենալ։ Այդ ուղղություններից մեկն էլ Արցախի հյուսիս-արևելքն էր։ Մեծ զոհերի գնով Մատաղիսն ու Թալիշը օկուպացնելուց հետո թշնամին այդպես էլ չկարողացավ առաջանալ այդ ուղղությամբ և այդ դիրքերում էլ մնաց մինչև պատերազմի ավարտը։
Պատերազմից հետո ասում էին, որ ում հրամանատարը լավն էր ու գրագետ, նրա մոտ ամենաքիչ կորուստներն էր լինում։ Ճիշտ է, շատ սպաներ զոհվեցին իրենց զինվորների հետ կողք-կողքի կռվելով, բայց որոշներն էլ կարողացան ողջ մնալ ու ամեն ինչ անել, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող զորքը ևս մինիմալ կուրստներով դուրս գա այս պատերազմից։ Փոխգնդապետ Եղիազարյանը թերևս այդ սպաների շարքին է դասվում։ Ու նրա մասին պետք է իմանան բոլորը։
Հավերժ փառք այն հրամանատարներին, ովքեր զոհվեցին՝ մենակ չթողնելով իրենց զինվորներին և երկար տարիների կյանք այն հրամանատարներին, ովքեր չվախեցան, չփախան մարտի դաշտից ու հրաշքով ողջ մնալով՝ փրկեցին հարյուրավոր տղերքի կյանքեր։