«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին


18:11 , 29 հուլիս, 2021

168.am-ը գրում է․

ՀԱՊԿ կայքում զետեղվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը` կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

«2021 թվականի լույս հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, չորսը` վիրավորվել: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, որը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ համաձայնագրերի կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ:

Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,-ասված է հայտարարությունում: