Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին


14:27 , 29 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ՌԴ սահմանապահներին տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, հայտարարել է, որ այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել Է Պեսկովը լրագրողներին:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։