Չինաստանում թռչնագրիպով վարակման դեպքեր են գրանցվել, մեկը՝ մահվան ելքով


23:41 , 23 հուլիս, 2021
Չինաստանի հարավ-արևմուտքում երեք մարդ վարակվել է H5N6 թռչնագրիպի վիրուսով, նրանցից մեկը մահացել է:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մահվան ելքով վարակման դեպք է արձանագրվել նաև Սիչուան նահանգի Սյուանհան շրջանում, որտեղ վարակված 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչնի հետ: Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին: Հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են: Հաջորդ օրը չինուհին մահացել է:

Երկրորդ դեպքը գրանցվել է նույն նահանգի Կացզյան շրջանում, որտեղ 57-ամյա բնակիչը նույնպես թռչնից է վարակվել: Նրան հոսպիտալացրել են հուլիսի 5-ին: Ներկայում նրա վիճակը ծանր է:

Վարակման երրորդ դեպքը գրանցվել է Չունցին քաղաքում, որտեղ 66-ամյա տղամարդ է վարակվել: Նրա մոտ ախտանշաներ են ի հայտ եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են: Ներկայում նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:

ԱՀԿ-ն թռչնագրիպի H5N6 հիմնամանրէն դասում է խիստ ախտածինների շարքը: Նման վիրուսային վարակները մարդկանց մոտ կարող են անցնել վերին շնչառական ուղիների թեթև վարակի տեսքով՝ ջերմության բարձրացմամբ, հազով: Սակայն հիվանդության ընթացքը կարող է բարդանալ, հնարավոր է թոքաբորբի կամ սեպսիսի առաջացում: