Աղբյուր․ Մբապեն չափազանց շահավետ պայմանագրի առաջարկ է ստացել ՊՍԺ-ից


14:24 , 23 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չափազանց շահավետ պայմանագրի առաջարկ է ստացել փարիզյան ակումբի կողմից: Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի, փարիզցիները պատրաստ են 22-ամյա ֆուտբոլիստին տարեկան 32 միլիոն եվրո վճարել:

Ըստ աղբյուրի, նոր պայմանագիրը, եթե ստորագրվի, կավարտվի միայն 2026-ի ամռանը: Հիշեցնենք, որ Մբապեն տատանվում է երկարաձգել պայմանագիրը՝ մտածելով «Ռեալ» տեղափոխվելու մասին: Սակայն վերջերս մադրիդյան ակումբի նախագահ Պերեսը հայտարարել էր, որ ակումբն այս ամառվա համար ավարտել է տրանսֆերային արշավը և այլևս նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանը պատրաստ է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, սակայն պահանջում է, որ մադրիդյան ակումբ տեղափոխվելու տարբերակը ներառվի նոր պայմանագրում:

Նախորդ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 47 հանդիպում, խփել 42 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: