Աֆղանստանի սահմանի մոտ 18 թուրքմեն զինծառայողներ են մահացել


15:36 , 21 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Աֆղանստանի սահմանի մոտ Թուրքմենստանի զինված ուժերի երկու սպա և 16 զինվորներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Turkmen news-ը։

Իշխանությունը հայտարարել է, որ բոլորը մահացել են մայրաքաղաք Աշխաբադի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Բայց զոհվածների հարազատները պնդում են, որ զինվորականներին բերել են Մարիի վիլայեթից, որը սահմանակից է Աֆղանստանին։

Հուղարկավորությանը ներկա զինվորականները խստիվ արգելել են բացել դագաղները: Ենթադրություններ կան, որ այս դեպքը, որը որպես վթար է ներկայացվում, իրականում կապ ունի Թուրքմենստանի հետ սահմանին «Թալիբանի» ակտիվության հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Աշխաբադը զորքեր է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին, իսկ զինվորականների ընտանիքները հեռանում են այդ երկրին սահմանակից շրջաններից։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի կառավարական ուժերը դիմակայում են «Թալիբան» շարժման գրոհայիններին, որոնք գրավել են երկրի տարածքների մի մասը: