Այժմ դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» պարտավոր են ԺԱՄԱՆԱԿԻՆ ձեռնարկել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ միջոցառումներ` Նախիջևանի հետ ՀՀ սահմանի Երասխի հատվածում արտաքին թշնամու առաջխաղացում և հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ վերահսկողության հաստատում թույլ չտալու համար:
Եվ եթե վերոնշյալ նպատակով անհրաժեշտ ու համապատասխան քայլեր չկատարվեցին, եթե դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերն առաջ գալով ու թեկուզ ոչ այնքան խորը ՀՀ տարածք մտնելով, կարողացան վերահսկողություն ունենալ հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության ճանապարհի նկատմամբ, այնուհետև այդ հաղթաթուղթն օգտագործել` ետ քաշվելու դիմաց Սյունիքում միջանցք ստանալու համար, ապա անվարան կարելի է ասել, որ կար Փաշինյան- Ալիև չհրապարակված, գաղտնի հերթական պայմանավորվածությունը և այն իրագործվեց:
Դա կնշանակի, որ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կամ այդ ժամանակ գուցե արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումը, այս անգամ` Ադրբեջանին Սյունիքով ոչ թե մեր վերահսկողության ներքո գտնվող ճանապարհ, այլ հենց միջանցք (Ադրբեջանի վերահսկողության ներքո) տալու նպատակով, «միջանցք` ճանապարհ դիմաց» սկզբունքով:
Բացառված չէ, որ հայրենին պաշտպանել չկարողանալու տպավորություն ստեղծվի հասարակության միամիտ հատվածի մոտ, հետո Նիկոլն այդ մասին խոսի կեղծ ցավով, մեղադրի ընդդիմությանը, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին` ընդդիմությանն, օրինակ, իբր խանգարելու կամ չկատարելու համար այն, ինչ պարտավոր է հենց երկրի ղեկավարն ու իշխանությունը կատարել, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին` մեզ չպաշտպանելու կամ ժամանակին չարձագանքելու համար, անտեսելով, որ, ասենք, ժամանակին կամ համապատասխան կերպով չի դիմվել:
Չեմ պնդում, թե իրադարձությունները կզարգանան հենց վերոնշյալ սցենարով, բայց նկատի ունենալով անցյալ աշնանն ու դրանից հետո կատարվածը,դա հնարավոր է, դա առնվազն բացառված չէ, հետևաբար անհրաժեշտ է այս մասին ժամանակին նախազգուշացնել…
Ի դեպ, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», նրա լրատվական ծառայությունն անցած շաբաթ և կիրակի խայտառակ գործելակերպ դրսևորելով, նախարարության պաշտոնական կայքում որևէ լրատվություն, բառ անգամ չհրապարակեցին, թե ինչ կատարվում կամ ինչ իրավիճակ է սահմանի Երասխի հատվածում, մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռու, չնայած հայությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում առաջին հերթին հենց այդ լրատվությանն էր սպասում: Իրենց ավելորդ նեղություն չպատճառեցին, դե ի՞նչ կարիք կար, շաբաթ-կիրակի էր, հանգստանում էին…