Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում


20:30 , 19 հուլիս, 2021

Ողջ աշխարհում կանայք միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Հարավային Դանիայի համալսարանի դեմոգրաֆիայի դոցենտ Վիջինիա Զարուլին խոսել է երևույթի պատճառների մասին, որոնք երկուսն են և կենսաբանական են։ 

Նախ, կյանքի տևողության վրա ազդում են սեռական հորմոնները։ Կանանց մոտ ավելի շատ էստրոգեն է արտադրվում և պակաս տեստոստերոն, քան տղամարդկանց մոտ։ Էստրոգենն ապահովում է մի արք հիվանդություններից, օրինակ՝ սիրտ-անոթային խնդիրներից պաշտպանություն։ Տեստոստերոնի բարձր մակարդակը, ընդհակառակը, կապված է որոշ հիվանդությունների ռիսկի բարձր լինելու հետ, օրինակ՝ էնդոմետրիալ և կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ։ Տեստոոստերոնը նաև կապված է ռիսկային վարքագծի և ագրեսիայի ավելի բարձր մակարդակի հետ, ինչն էլ կարող է մեծացնել առավել երիտասարդ տարիքում մահվան ռիսկը։ 

Երկրորդ կենսաբանական գործոնը գենետիկական կոմպոնենտն է։ Մարդիկ երկու սեռական քրոմոսոմ ունեն՝ X և Y։ Կանայք ունեն երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդիկ՝ X և Y։ «Եթե երկար մտածենք, ապա Y քրոմոսոմը նույն X քրոմոսոմն է՝ բացակայող ոտիկով։ Կանայք երկու X քրոմոսոմ ունեն՝ լրացուցիչ գենետիկական նյութ, որը նրանց թույլ է տալիս X քրոմոսոմներից մեկի վատ մուտացիայի դեպքում «պահեստային պլան» ունենալ։ Երկրորդ X քրոմոսոմը նման պարագայում նրանց թույլ կտա ողջ մնալ», - նշում է Զարուլին։ Սա վերաբերում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հեմոֆիլիան կամ Դյուշենի մկանային դիստրոֆիան։ 

Ըստ մասնագետի՝ մեծ դեր ունեն նաև սոցիալական գործոնները։ Տղամարդիկ երկու անգամ ավելի են ալկոհոլ օգտագործում, քան կանայք։ Աշխարհում ծխում է տղամարդկանց 35%-ը և կանանց միայն 6%-ը։ Համաձայն 2020 թ․ տվյալների՝ կանայք ավելի հաճախ են հետևում առողջ սննդակարգի, իսկ տղամարդիկ նախընտրում են ճարպոտ սնունդ և ֆասթֆուդ։ Բացի դրանից, 2001 թ․ կատարված ուսումնասիրության համաձայն՝ կանայք 33%-ով ավելի հաճախ են այցելում բժշկի։ 

Սակայն պատկերը միշտ չէ, որ այսպիսին է եղել։ Արխիվները վկայում են այնյ մասին, որ կանայք մինչև 20-րդ դարի սկիզբն ավելի կարճ են ապրել, քան տղամարդիկ։ Դա բացատրվում էր նրանով, որ կանայք մահանում էին ծննդաբերությունների ժամանակ։