Հուլիսի 9-ին Վանաձորում բացվել է 44-օրյա պատերազմի մասնակից Արման Աղվանյանի անունը կրող հուշաղբյուրը (Photo, Video)


14:23 , 16 հուլիս, 2021
Հուլիսի 9֊ին Վանաձորում բացվել է 44-օրյա պատերազմի մասնակից Արման Աղվանյանի անունը կրող հուշաղբյուր։ Հուշաղբյուրի տեղադրումը նախաձեռնել է հերոսի մայրը՝ տիկին Գայանեն, ով ցանկացել է հավերժացնել Արմանի հիշատակը հուշաղբյուրի տեսքով։ Հուշաղբյուրի տեղադրումը նախաձեռնել է հերոսի մայրը՝ տիկին Գայանեն, ով ցանկացել է հավերժացնել Արմանի հիշատակը հուշաղբյուրի տեսքով։ Իր սեփական միջոցներով և վարպետներ Զավեն Պողոսյանի և Հովսեփ Դալլաքյանի հմուտ ձեռքերի շնորհիվ այսօր անցորդը հուշաղբյուրից սառը ջուր կխմի ու կհիշի մեր ՀԵՐՈՍ Տղաներին։ Հուշաղբյուրն Արմանի տատիկը որակեց իբրև հայրենասիրության բաց դաս՝ թե՛ մատաղ սերնդի, թե՛ հասարակության բոլոր անդամների համար։ Փառք հերոսներին...
Արման Աղվանյանը ծնվել էր 2000թ. Օձուն գյուղում, ապրել և մեծացել է քաղաք Վանաձորում։ 1-6 դասարանները սովորել է Վանաձորի թիվ 21 դպրոցում, 7֊րդ դասարանից ընդունվել է Վանաձորի «Էվրիկա» դպրոց: Եղել է աշակերտական խորհրդի նախագահ։ 2018թ. ընդունվում է Հայ֊ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության բաժինը (անվճար հիմունքներով): Առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2019թ. հունվարի 13 զորակոչվեց բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էր Ստեփանակերտում։ Ուներ սերժանտի կոչում, դասակի հրամանատարի տեղակալ էր, 872 տանկի հրամանատարն էր։ Ստացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» շքանշանը։ Կյանքը զոհել է հանուն հայրենիքի՝ հոկտեմբերի 9-ին, Ջրականի (Ջաբրայիլի) մատույցներում։
Արմանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» արիության մեդալով։ Նոր սերունդը՝ ոգեշնչված ավագների օրինակով, այսօր էլ լի է թշնամու դեմ չերկնչելու կամքով և վճռականությամբ։
Մեր բոլորիս պարտքն է անմահացնել մեր բոլոր ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ։
Տեսանյութում հնչում է հենց Արման Աղվանյանի կատարումը...