Որո՞նք են ապագայի մասնագիտությունները. հետագա տասնամյակներում մեծ փոփոխություններ են սպասվում աշխատաշուկայում


20:30 , 12 հուլիս, 2021

Տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը, Տիեզերքի նվաճումը և գիտական բազմաթիվ բացահայտումները անվերադարձելիորեն փոփոխում են մեր աշխարհը։ Իհարկե, այս զարգացումներն ազդում ե մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ մասնագիտությունների։ Ահա թե որոնք են լինելու ապագայի մասնագիտությունները։

Ապագա տասնամյակներում որոշ մասնագետներ կկորցնեն իրենց աշխատանքը կամ խիստ փոփոխություններ կնկատեն իրենց աշխատանքային գործընթացում։

Որպես օրինակ դիտարկենք տրանսպորտի ոլորտը։ Անօդաչու ավտոմեքենաներն աստիճանաբար կնվաճեն ճանապարհները, և վարորդների կարիք այլևս չի զգացվի։ Սակայն ամեն ինչ շատ տխուր չէ, քանի որ բարձրագույն տեխնոլոգիաների նորություններին հսկելու կարիք կլինի, ինչով առնվազն սկզբնական շրջանում կզբաղվեն մարդիկ։

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի՝ ռոբոտիզացման հետևանքով աշխարհում 75 միլիոն մարդ կարող է գործազուրկ դառնալ։ Օքսֆորդի համալսարանի մասնագետները կարծում են, որ առավելագույնը երկու տասնամյակ անց արդեն ռոբոտները մարդկանց փոխարեն կանեն աշխատանքի 50%-ը։

Բժշկության ոլորտը համարվում է մեր կյանքի կարևորագույն բնագառավառներից մեկը, և, իհարկե, փոփոխություններ տեղի կունենան նաև այստեղ։ Ապագայի մասնագիտություն կդառնա բիոէթիկը, որը երեք ոլորտում մասնագիտացած կլինի՝ բժշկություն, տեխնոլոգիաներ և իրավունք։ Բիոէթիկը կզբաղվի բժշկակենսաբանական բնույթի խնդիրների լուծմամբ, ինչպես նաև բժշկի, պացիենտի և նրա հարազատների միջև հաղորդակցության ապահովմամբ։ Բժշկական ոլորտում կհայտնվեն այլ նոր մասնագիտություններ ևս՝ ինժեներ-գենետիկներ, ուղեղի փոխպատվաստման մասնագետներ, օնլայն թերապևտներ, բժշկական ռոբոտների օպերատորներ։

Ոստիկանության և անվտանգության ոլորտում ևս փոփոխություններ կլինեն։ Ի հայտ կգան նոր մասնագիտություններ՝ կիբերհետաքննիչներ, կիբերանվտանգության և համակարգային էկոլոգիական աղետների կանխարգելման մասնագետներ։ Միգուցե հանդիպենք նաև մեդիաոստիկանների, որոնք կհետևեն համացանցում սահմանված կարգին, կպայքարեն խարդախության, բուլինգի դեմ։