Ռուս խաղաղապահները տասնյակ ուխտավորների են ուղեկցել Ամարաս և Գանձասար


11:16 , 12 հուլիս, 2021
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորները և Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այցելել են Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Այսօր ուղեկցել ենք և ապահովել Ամարաս վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդու ենք ուղեկցել»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի սպա Մարկ Եգորչիկը:

Հաղորդվում է, որ 30 անձի համար վարչական ավտոբուսներ են հատկացվել, իսկ մյուսները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել են անձնական տրանսպորտային միջոցներով:

Բացի այդ, Ստեփանակերտից երկրորդ երթուղով դեպի Գանձասար են ուղեկցել 40 ուխտավորի: Պատարագից հետո խաղաղապահները բոլորին հետ են ուղեկցել: