Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար


13:35 , 9 հուլիս, 2021
Բա հետո՞...
Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը արդեն տևական ժամանակ անցկացնում են բարձր մակարդակի հանդիպումներ, որպեսզի հասկանան և հստակեցնեն իրենց դիրքերը մեր տարածաշրջանում։
Իսկ փաշինյանական «պողպատե մանդատով» օժտված իշխանությունը ոչ միայն ինքնակամ դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից, այլև նույնիսկ արդեն ինչ երկրորդ ամիսն է արտգործնախարար չունի։
Ֆիքսենք, որ Հայաստանին ոչ ոք այլևս ո՛չ հարցնում է, ո՛չ էլ ներգրավում այն տարածաշրջանային գործընթացների մեջ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար։
Ադրբեջանը և Թուրքիան ԱՆԸՆԴՀԱՏ անցկացնում են ռազմական զորավարժություններ։
Ի դեպ, այդ գործընթացին պարբերաբար միանում են նաև վրացիները։ Օրինակ՝ շուտով մեկնարկելու են Eternity-2021 զորավարժությունները, որին մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:
Թուրքիան հայտարարում է, որ կարող է իր ռազմական ներկայությունը ավելացնել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը կտրուկ ավելացնում է թե՛ իր բանակի զինծառայողների քանակը, թե՛ սպառազինությունները։
Իսկ փաշինյանական իշխանությունները պատրաստվում են կրճատել մեր բանակը և զուգահեռ բացել թշնամու դեմ մեր երկրի դարպասները՝ անունը դնելով «կոմունիկացիաների բացում»։
Ինքս կարդում եմ և ուղղակի ապշում՝ ախր, ո՞նց...ո՞նց ընդամենը 3 տարվա ընթացքում կարելի է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգային, դիվանագիտական, ռազմական ներուժը։
Հիմա, եթե սա ինքնիշխանության տոտալ ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։
Երկրի ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի՞ լինում։
Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար։
Խելագարվել կարելի է...
...
Այնպես որ՝ Ապագա Կա՛...վայելե՛ք։