Պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. Արցախի ՄԻՊ


15:03 , 7 հուլիս, 2021

Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։

Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։

Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։

Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են»։