ՊԵԿ-ը հայտնաբերել է 97 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց. հայտնաբերված թմրամիջոցի շուկայական գինը մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար է


15:33 , 2 հուլիս, 2021

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։

ՊԵԿ աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից «Ագարակ» սահմանային անցակետով Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը․ «Բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական գինը մոտ 11 միլիոն ԱՄՆ  դոլար է։   

Հարուցվել է քրեական գործ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է։