«Առավոտ»․ Երեք «չեզոք» երկիր և երկու թշնամի․ Հայաստանը կո՞ղմ է «3+3» ձևաչափին


12:13 , 2 հուլիս, 2021

«Չորեքշաբթի օրը Անթալիայում հանդիպեցին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Բնականաբար, Հարավային Կովկասը նրանց քննարկման միակ թեման չէր՝ Լավրովը և Չավուշօղլուն խոսեցին նաև Լիբիայի, Սիրիայի և Աֆղանստանի խնդիրների շուրջ: Մասնավորապես, Աֆղանստանում սկսվում է լարվածության նոր շրջափուլը, և դա անպայման անդրադառնալու է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի անվտանգության վրա:

Դե, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է Ասիայի և նույնիսկ Աֆրիկայի տարբեր հատվածներում մշտապես հետաքրքրություններ ունի: Այդ բոլոր խնդիրներն, իհարկե, պետք է դիտարկել համալիր ձևով, որովհետև դիվանագիտությունն, ինչպես հայտնի է, առևտուր է՝ ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու պայմանով: Ինձ թվում է՝ մեծ գործարքի շրջանակներում Թուրքիան և Ռուսաստանը, այսպես ասած, «փոխանակել են» Սիրիան ու Արցախը՝ առաջին դեպքում թուրքերն են զիջել, երկրորդ դեպքում՝ ռուսները:

Ըստ այդմ, Լավրովն իր գոհունակությունը հայտնեց, թե ինչպես է Աղդամում աշխատում մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, ինչպես նաև նշեց, որ Էրդողանի այցը Շուշի (ՌԴ ԱԳ նախարարի ձևակերպմամբ՝ Ադրբեջան) երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների հարց է: Այնպես չէ, որ Լավրովի նման փորձառու դիվանագետի համար տեսանելի չէ այդ այցի սադրիչ բնույթը, բայց նա, իհարկե, ոչ մի ցանկություն չուներ այդ հարցը սրելու:

Մի խոսքով՝ Ռուսաստանը հաշտվել է այն մտքի հետ, որ Թուրքիան այս ձևով (նաև՝ ռազմական բաղադրիչով) ներկա է Հարավային Կովկասում: Լավրովը նաև դրվատանքի խոսքեր ասաց Ալիևի և Էրդողանի գաղափարի մասին՝ ստեղծել «3+3» պլատֆորմը, որտեղ կմասնակցեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ ձևաչափը, եթե այն կոչված է ինչ-որ հարցերում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, գոնե առաջին հայացքից, մեզ այնքան էլ ձեռնտու չէ՝ երեք «չեզոք» երկիր և երկու թշնամի:

Բոլոր դեպքերում առաջարկը, որքան գիտեմ, որևէ հստակ պատասխանի չի արժանացել Հայաստանի կողմից: Պարզ է, որ որևէ ձևով արձագանքելու համար պետք է առնվազն ունենալ արտգործնախարարություն, որը Հայաստանում գրեթե լուծարված է, ինչը զարմանալի է մեր վիճակում: Բացի այդ, ցանկալի է, որ կառավարությունը նման հարցերով խորհրդակցի փորձագետների հետ՝ զարգացած երկրներում նման դեպքերի համար գոյություն ունեն անկախ փորձագիտական կենտրոններ: Բայց Հայաստանին ոչ դիվանագետներ են պետք, ոչ փորձագետներ: Հայաստանում կա միայն մեկ դիվանագետ ու փորձագետ: Եվ այդ մեկ մարդը… ինքներդ գիտեք, թե ով է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։