«Իմ առաջին հայալեզու հեղինակային երգն է»․ Անդրե Սիմոնյանը՝ նոր երգի և The Beautified Project-ի ու իր ապագա ծրագրերի մասին


12:41 , 25 հունիս, 2021

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամ և Adana Project ռոք խմբի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը ներկայացրել է «Ազատ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
BlogNews.am կայքի հետ զրույցում Անդրեն ասում է, որ սա իր առաջին հայալեզու հեղինակային երգն է։

«Երգը գրել եմ 2018 թվականին՝ հեղափոխության ժամանակ։ Այդ ժամանակ իմ ազգին տեսա  ամբողջ աշխարհում միավորված։ Ազատության համար այդ պայքարն ինձ ոգեշնչեց այս երգը գրելու համար։
Երբ մարդիկ ասում են, որ այս կյանքում ամենակարևորն առողջությունն է, ես ասում եմ դրանից ավելի կարևոր մեկ բան կա՝ ազատությունը։ 
44-օրյա պատերազմի ժամանակ ինձ մոտ ծնվեցին այս երգի թախծոտ մասերը, որտեղ ասում եմ՝քո հույսերը, քո հույզերը թող լույս դառնան ապագայի, քո հոգսերրը և քո կամքը թող խաչ դառնան քո սուրբ վանքին։

Իսկ տեսահոլովակը շատ արագ ենք նկարահնել, որովհետև ցանկանում էինք հենց այս օրերին թողարկել այն։ Տեսահոլովակը շատ պարզ է ու թույլ է տալիս, որ լսողը կենտրոնանա բառերի վրա»,- պատմում է Անդրեն։

Կորոնավիորւսի հետևանքով հետաձգվեց The Beautified Project-ի 15-ամյակի առթիվ համերգը։ Այն հարցին, թե կուրախացնի երկրպագուներին խումբն իր նոր համերգով կամ երգով, Անդրեն պատասխանում է․

«The Beautified Project-ն արդեն 2017 թվականից բեմ չի բարձրացել։ Մի քանի օր առաջ՝ զրույցի ընթացքում, մտածում էինք, թե ինչ կարելի է անել, բայց դեռ հստակ ծրագրեր չունենք։

Քանի որ ես ու խմբի անդամները մնում ենք լավ ընկերներ վստահ եմ որ կլինեն համերգներ, սակայն այս պահին ոչինիչ չեմ կաորղ ասել, որովհետև նրանք Հայաստանում չեն ու 4 տարի է, ինչ փորձեր չենք արել։ Եթե միանանք, ապա պետք է դա լինի շատ լուրջ և կարևոր նպատակով»,-բացատրում է երգիչը։

Արդեն 4 տարի է, ինչ Անդրեն աշխատում է զուգերգերից բաղկացած ալբոմի վրա։ Արտիստը նշում է, որ մնացել է ձայնագրել մեկ երգ, որից հետո արդեն կլինի ալբոմի շնորհանդեսը։ Անդրեն այս անգամ կհամագործակցի երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ։

«Զուգերգերի ալբոմն արդեն ավարտին եմ հասցրել։ Վերջին երգն ենք մշակում ստուդիաում։ Մնացել է նկարահանել վերջին տեսահոլովակը, որտեղ ես ու Սոնա Ռուբենյանը ներկայացնելու են «Սոխակ» երգը։ Տեսահոլովակում ես և Սոնան չենք լինելու, սակայն այն շատ հետաքրքիր է լինելու։ Դրա պրեմիերայից հետո արդեն կարղ եմ թողարկել զուգերգերի ալբոմը»,-ասում է նա։ 

Իր խոսքը Անդրեն եզրափակում է խոսելով դժվար 2020 թվականի մասին ու ասելով, թե դժվար տարուց հետո արվեստն ինչ պետք է տա մարդկանց․«2020 թվականը մեծ դաս էր մարդ արարածի համար։ Մեկ անգամ ևս բնությունը մեզ հիշեցրեց, թե որքան թույլ ու անկարող ենք մենք։ Որքան էլ մենք համարվում ենք խելացի, բնության ուժի դեմ ոչինչ ենք ու պետք է հարգենք այն բնությանը, որը մեզ ստեղծել է։

Մեր բոլոր հայեր մեջ մի բան մարեց, բայց նաև հասկացնք, որ պետք է ավելի ուժեղ լինենք ու ապագայի համար հստակ տեսլական ունենանք, որի շնորհիվ կհաղթահարենք մեր ներքին ու արտաքին խնդիրները։

Արվեստն ինձ անջատել է իրականությունից ու հույս է տվել ապրելու։ Եթե արվեստը կարողանում է տալ այդ երկու էլեմենտները, ապա ինքը իրականացնում է իր առաքելությունը։ Իմ երաժշտության առաքելությունն էլ դա է»։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի