Նիկարագուայում մեկ ամսում նախագահի հինգերորդ թեկնածուին են ձերբակալել


21:33 , 22 հունիս, 2021

168.am-ը գրում է.

Նիկարագուայի ազգային ոստիկանությունը երկրի նախագահի հինգերորդ թեկնածուին է ձերբակալել մեկ ամսվա ընթացքում, ընդամենը վերջին շաբաթներին այնտեղ ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Այդ մասին հաղորդել է CNN-ը։

Ոստիկանության հայտարարության համաձայն, Միգել Մորա Բարբերենան՝ Դեմոկրատական վերականգնման կուսակցությունից (PRD), հունիսի 20-ին ձերբակալվել է ազգային ինքնիշխանությանն սպառնացող գործողություններ կատարելու մեղադրանքով: Նա մտադրվել է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են այս տարվա նոյեմբերին: CNN-ը նշում է, որ Մորան դարձել է Նիկարագուայի նախագահի հինգերորդ թեկնածուն, որին ձերբակալել են հունիսի սկզբից. հունիսի 2-ից տնային կալանքի տակ է գտնվում լրագրողուհի Քրիստինա Չամորոն, հունիսի 5-ին ձերբակալվել է նախկին դիվանագետ Արտուրո Կրուզը, հունիսի 8-ին՝ քաղաքագետ Ֆելիքս Մարադիագան եւ տնտեսագետ Խուան Սեբաստիան Չամորոն:

Ընդամենը վերջին շաբաթների ընթացքում «ազգային անվտանգության» խախտումների մեջ մեղադրանքներով ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապաշտպանների, ենթադրում է, որ ընդդիմության հետապնդումը կապված է առաջիկա նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրությունների հետ, որոնց մտադիր է մասնակցել նաեւ պետության գործող ղեկավար 75-ամյա Դանիել Օրտեգան: Նա երկիրը գլխավորում է արդեն 2007 թվականից ի վեր երեք ժամկետ անընդմեջ, իսկ դրանից առաջ հինգ տարի նախագահ է եղել 1985-1990 թվականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: