Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին


14:11 , 21 հունիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։