Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով


16:23 , 18 հունիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:

Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դեմ ապօրինի դատավարությունը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Իսկ հունիսի 14-ին ադրբեջանական դատարանը, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման դատապարտեց Շուշիի մերձակայքից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: