«Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հայտարարությունների հետևանքները կատաստրոֆիկ են. բակում խաղացող երեխաներն օգտագործում են քաղաքական լոզունգներ». Արտյոմ Գեղամյան


20:25 , 17 հունիս, 2021

168.am-ը գրում է.

«Մենք ապրում ենք այլ Հայաստանում, այսինքն՝ այն Հայաստանը, որ կար մինչև 44-օրյա պատերազմը, չկա այսօր: Ընդ որում, չկա նաև օբյեկտիվ չափանիշներով, մասնավորապես՝ տարածքային առումով, որովհետև մենք ունեինք 42 000 քմ տարածքով հայկական պետականություն, հիմա այն այլևս չկա: Մենք հիմա չգիտենք՝ որքան է կազմում մեր պետական տարածքը, որովհետև գործընթացներ են ընթանում, իսկ հանրությունը դրա մասին տեղյակ չի պահվում»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտյոմ Գեղամյանը:

Բացի դրանից, ըստ պատգամավորի թեկնածուի, էապես թուլացած է հայկական բանակը, և դրա արդյունքում ՀՀ-ն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, և սա նշանակում է, որ ՀՀ-ն կորցրել է այս տարածաշրջանում «փոքր ուժ» լինելու գործոնը:

«Դրանք այն պետություններն են, որոնցից տարածաշրջանում կախված են որոշակի գործոններ: ՀՀ-ն կորցրել է այդ գործոնը լինելու կարգավիճակը: Սա հետևանք է ունենում ՀՀ ինքնիշխանության և մասնավորապես արտաքին հարաբերություններով հանդես գալու հարցերում»,- ասաց Արտյոմ Գեղամյանը:

Վերջինիս խոսքով՝ այս առումով անհավանական ծավալի աշխատանք են կատարում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, բայց այս աշխատանքները պետք է ամրագրվեն քաղաքական հենքով:

«Մենք չունենք Արտաքին գործերի նախարարություն, և մեր կառավարությունը և նրա ղեկավարը այնքան ապաշնորհ գտնվեցին, որ չկարողացան մեր արտգործնախարարին համոզել սպասել մինչև ընտրություններ: ՀՀ-ն ոչ միայն զրկված է արտաքին հարաբերություններում ինքնուրույն, իր դեմքով հանդես գալու հնարավորությունից, այլև չունենք արտգործնախարար»,- ասաց պատգամավորի իրավաբան թեկնածուն՝ հավելելով, որ այս պահին Հայաստանը հանդիսանում է զինված հարձակման զոհ, բայց այս մարդկանց խումբը, որը կառավարություն է կոչվում, ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված սահմանագծումների ու Արցախի հարցի իրավական լուծման խնդիրներին, Արտյոմ Գեղամյանը պնդում է՝ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումները չեն կարող պետական սահմանների սահմանագծման հիմք հանդիսանալ:

«Վերջին 3 տարիների ընթացքում բանակցային գործընթացը դուրս բերվեց միջազգային հիմնարար սկզբունքների տրամաբանությունից, այն է՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում: Այն հայտարարությունները, որոնք հնչեցվեցին ՀՀ ղեկավարի կողմից, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների կողմից, խոսում է մեկ բանի մասին՝ կամ մարդը բան չի հասկանում, կամ դրանք արվում են նպատակային: Սա իմանալու համար պետք է ստեղծվի պատերազմի արդյունքները քննող պարիտետային հանձնաժողով»,- ասաց Արտյոմ Գեղամյանը:

Վերջինս նշում է՝ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարց, և ՀՀ-ն Ադրբեջանի հետ չունի տարածքային ամբողջականության հարց այն համատեքստում, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:

«ԼՂԻՄ-ը Խորհրդային Միությունից անկախացել է իր սահմաններով, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և սրա մասին են 1994թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այդ բանաձևերը խոսում են հայկական տեղական, ոչ թե ՀՀ զորքերի մասին, և, ինչը շատ կարևոր է, դրանք չեն քննադատում Արցախի անկախությունն ու անկախության հռչակագիրը»,- նկատեց ԼՀԿ պատգամավորի թեկնածուն:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի վարած քարոզարշավի մասին հարցին՝ Արտյոմ Գեղամյանն ասաց՝ ես դրա ի՞նչը մեկնաբանեմ:

«ԼՀԿ-ն բացառել է ատելության խոսքը և հայհոյանքը ընտրական գործընթացներից: Դրանք ունենում են երկարաժամկետ հետևանքներ: Բակում խաղացող երեխաներն օգտագործում են քաղաքական լոզունգներ, այրում են կուսակցությունների քարոզչական նյութերը: Եթե 10-14 տարեկան երեխան, այլ զբաղվածության փոխարեն, քաղաքական հետաքրքրություն ունի, ուրեմն մենք մեծ վնաս ենք հասցրել այս սերնդի մտածողությանը: Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հայտարարությունների հետևանքները կատաստրոֆիկ են»,- ասաց Արտյոմ Գեղամյանը: