Ով է ագրեսիվ ելույթներ ունեցող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. նա կրկին ցուցակում է


16:57 , 17 հունիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Ապրիլի 6-ին հայրենի խորհրդարանում հայտնվեց մի պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյան անվամբ, որը համարում է, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուսապարկն էլ 2018 լիներ քվեաթերթիկում, կդառնար պատգամավոր: Ալքեսանյանն այս հայտարարությունն արել էր դեռեւս հունվարի 9-ին, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է լքել Սոֆյա Հովսեփյանը:

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի այս սկանդալային հայտարարությունից հետո, հանրությունը նրան սկսեց ճանաչել, որպես իշխանության «ուսապարկ», քանի որ ինքը նույն տրամաբանությամբ էր հայտնվել ՔՊ ցուցակում, այնուհետեւ եկել խորհրդարան:

28-ամյա Վահագն Ալեքսանյանը ծնվել է Իջեւանում: 2019թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ արաբագետ է: Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի այն պատգամավորների թվին է դասվում, որ եթե անհրաժեշտ է լինում «հարձակվել» ընդդիմության վրա, ինչ-որ քննադատող հայտարարությամբ հանդես գալ, ապա նրան տալիս են այդ բովանդակությամբ տեքստ ու վերջինս սկսում է ԱԺ ամբիոնից խոսել: Նշենք, որ այժմ էլ Վահագն Ալեքսանյանը ՔՊ նախընտրական ցուցակում է, զբաղեցնում է 77-րդ համարը ու պարզվում է հայրենի իշխանությունների Ալեքսանյանը դեռեւս պետք է ընդդիմության վրա «հարձակումներ» գործելու համար:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ուսապարկ-պատգամավորը, երբ ԲՀԿ պասիվ երիտասարդներից է եղել` բավական տհաճ պատմության կիզակետում է հայտնվել: Տարիներ առաջ երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարզերի բնակիչների համար բարեգործական ակցիա է իրականացնում եւ մեծ քանակությամբ ալյուր ու այլ սննունդ է ուղարկում մարզեր, Վահագն Ալեքսանյանը եւ իր մի քանի ընկերներ իրենց համակարգողի հետ գողացել են գյուղացիներին հասանելի մեկ բեռնատար ալյուր:

Մենք պարզեցինք նաեւ, որ Վահագն Ալեքսանյանն անշարժ գույք չունի, ունի 2011 թվականի արտադրության «Կիա Սորենտո» ավտոմեքենա, 6 միլիոն դրամ գումար եւ 1100 դոլար: