Մենք իհարկե մի գեղեցիկ օր կգնանք առողջապահության պարտադիր ապահովագրության, բայց ով որ կհայտարարի, թե կանի դա առաջիկա 3 տարում, վտանգավոր պոպուլիստ է և արկածախնդիր. մասնագետներ


13:17 , 17 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահության ֆինանսավորմանը և ապահովագրական բժշկությանը․ ««Եթե դու հիվանդացել ես, ապա ստիպված ես ընտրել՝ մնալ առանց ֆերմայի, թե բուժվել», այս խոսքերը, որոնք ասել է Կանադայի ներկայիս առողջապահության համակարգի հիմնադիր Մ. Անդերսը գրեթե մեկ դար առաջ, ավելի քան արդիական են այսօր ։ Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների միջին և ցածր եկամուտներ ունեցող երկրներում ավելի քան 5,6 միլիարդ մարդ առողջության կարիքները հոգում է սեփական գրպանից, ինչը բերում է բնակչության շարունակական աղքատացմանը և աղետալի ծախսերի երևույթի առաջացմանը ։

Այսօր թվերը սովորականից ավելի շատ կլինեն, դե որովհետև խոսելու ենք փողից:

Առանց փողի հնարավոր չէ ունենալ առողջապահություն, ավելին ասեմ... առանց շատ փողի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  խորհուրդ է տալիս երկրներին առողջապահության վրա ծախսել բյուջեյի ոչ պակաս քան 4 %, իսկ եթե երկիրը ծախսում է մինչև 2%, ապա նա կարելի է ասել գրեթե չունի առողջապահություն: Ցավոք, մենք հենց վերջիններից ենք, եթե իհարկե հանենք COVID-19 համավարակի վրա ծախսված գումարները, որոնք էլ չեն լինելու:

Մեր պետության ներսում, առողջապահության վրա կատարվող ողջ ծախսերի 86.4%-ը կատարվում է մասնավոր հատվածի կողմից (ԵՄ 27 երկրների միջին ցուցանիշը 30% է), այսինքն պետությունը հոգում է այդ ծախսերի ընդհամենը 13.6%-ը: Սա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների վատագույն ցուցանիշներից մեկն է: Մասնավոր հատվածի ծախսերի շուրջ 98%-ը քաղաքացիների կողմից արված ծախսերն են, մինչդեռ, միջազգայնորեն ընդունված է, որ գրպանից կատարված ուղիղ վճարումների տեսակարար կշիռը չպետք է գերազանցի 15-20%-ը։

Եթե ներկայացնեմ ավելի պարզ, ապա մեր քաղաքացիները գրեթե 86 %-ում իրենց գրպանից, իրենց ընտանիքի բյուջեից են կտրում ու վճարում իրենց առողջապահական ծախսերը: Մեր ընտանիքները, միջինում  իրենց ողջ եկամուտի 11.7 % ծախսում են բուժման և դեղերի վրա: Գյուղերում ավելի շատ, քան քաղաքում, ու դա շատ վատ է, որովհետև գյուղերում աղքատության մակարդակը ավելի բարձր է, ու այդ ծախսերը ավելի են խորացնում աղքատությունը: Եվ այդ ծախսերի տոկոսը ամեն հաջորդ տարի ավելի է բարձրանում, որովհետև օրինակ 2020 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է առողջապահության բնագավառում սպառողական գների ինդեքսի կայուն աճ, որն առանձին ամիսներին հասել է մինչև 2,8%:

Իսկ հիմա մի ավելի վատ ցուցանիշ ներկայացնեմ.

2019 թվականի պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, որ բնակչության 71%-ը չի կարող կատարել անսպասելի ծախս 45,000 դրամի չափով, առանց պարտք վերցնելու: Պատկերացրեցի՞ք: փաստացի մեր բնակչության 71%-ը ցանկացած առողջական խնդիր առաջանալու դեպքում , ընկնում է պարտքերի տակ, որ բուժվի: Իսկ եթե հիշենք թե ինչ արժի մեկ սրտի ստենդը կամ ասենք լեղապարկի վիրահատությունը, կհասկանանք, որ այդ պարտքը երբեմն ընտանիքներին սնանկության դուռն է տանում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվել են տվյալներ, առ այն, որ 2019թ. ֆինանսապես ի վիճակի չեն բուժվել՝ ոչ աղքատ մարդկանց 12,6%, աղքատների՝ 24,5% և ծայրահեղ աղքատների՝ 49%:

Ներկայացված թվերից արդեն հասկացանք, որ առողջապահական համակարգի ֆինանսավորման և բնակչությանը առողջապահական ծառայությունների մատչելիության վիճակը մեղմ ասած անմխիթար է:

Իսկ ինչ՞ անել : Որ՞ն է ելքը.

Այ այստեղ, առողջապահությունից իբր հասկացող շատերը սկսում են գոռալ, որ ելքը պարտադիր և համընդհանուր ապահովագրական բժշկություն մտցնելն է:

Եկեք հասկանանք դա այդպես է թե չէ՞, ու նոր միայն եզրահանգում անենք:

Ապահովագրական բժշկության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որ մարդիկ իրենց եկամուտից ամեն ամիս քիչ-քիչ վճարում կատարեն ապահովագրական ֆոնդին՝ հարկի տեսքով, որպեսզի , երբ կարիք լինի բուժման համար վճարելու միանգամից մեծ գումար, նրանք չսնանկանան իսկ այդ գումարը վճարի ապահովագրական ֆոնդը: Փաստացի դա կանխավճար է, որը յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարում է, որ հասարակությունը ունենա առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ (universal health coverage) և զերծ մնա ֆինանսական աղետից:

Իսկ արդյո՞ք Հայաստանում կա կայուն հարկվող եկամուտ ունեցող այնքան քաղաքացի, որ կկարողանա այդ ֆոնդին վճարել գումար բոլորիս համար: Եկեք հաշվենք:

Փորձագետների կարծիքով, այս պահին Հայաստանում ապրում է աշխատելու ունակ մոտ 1.200.000 քաղաքացի: Մնացածը ծերերն են, երեխաները, կենսաթոշակառուները, հաշմանդամները և այլն: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Հայաստանում կայուն հարկվող եկամուտ ունի մոտ 650.000 մարդ: Այսինք ընդամեն 650.000 մարդ է հարկ վճարում, մնացածը կամ գործազուրկ են, կամ ունենք թաքցված, չհարկվող եկամուտ և այդ մարդկանցից գումար գանձել ապահովագրական ֆոնդի համար հնարավոր չէ: Պարզ է դառնում, որ 600.000 մարդ չի կարող իր ուսերի վրա վերցնել մոտ 3 մլն մարդու առողջապահական ծախսերը: Դա մաթեմատիկորեն անհնար է : Էստոնիայի պետական ապահովագրական ֆոնդի փորձագետների պնդմամբ, եթե երկրում գործազրկությունը բարձր է 15%-ից, ֆոնդում չի գոյանում այնքան գումար , որ հերիքի բոլորին: Մեր երկրում կայուն հարկվող եկամուտ ունեցողների տոկոսը կազմում է  աշխատունակ բնակչության ընդհամենը 55%-ը, իսկ գործազրկության նույնիսկ պաշտոնական թվերը հասնում են մոտ 20%-ի, իսկ իրականում շատ ավելին են:

Առողջապահության տնտեսագիտության համաշխարհային ռահվիրաներից Աբդո Ս. Յազբեկը (Abdo S. Yazbeck, Univ. Johns Hopkins Bloomberg School of Public Health,) Վիլիամ Սիաոն (William C. Hsiao, Professor of Economics in the Harvard School of Public Health,,)  և Ջո Կաթզինը ( Joe Kutzin, coordinator of health financing in theDepartment of Health Systems, Financing, and Governance, World HealthOrganization) 2020թ. հրապարակեցին մի աշխատություն, որում ապացուցում են, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ապահովագրական բժշկության մոդելի կիրառումը չի բերում այն ակնկալվող արդյունքներին, որին ձգտում ենք և խորհուրդ են տալիս, դրա փոխարեն կիրառել պետության կողմից առողջապահության համակարգի կենտրոնացված բյուջետային ֆինանսավորման մոդելը:

Մենք իհարկե մի գեղեցիկ օր կգնանք առողջապահության պարտադիր ապահովագրության, բայց ով որ կհայտարարի , թե կանի դա առաջիկա 3 տարում, ըստ իս վտանգավոր պոպուլիստ է և արկածախնդիր:

Կարծում եմ Հայաստանի զարգացման այս փուլում, ունենալով գործազրկության ներկայիս մակարդակը, չունենալով թաքցված եկամուտների հարկման գործող մեխանիզմներ, մենք պատրաստ չենք պարտադիր ապահովագրական բժշկության, և դրան պետք է գնանք աստիճանաբար, քայլ-քայլ, ճիշտ հաշվարկելով ռիսկերը և անենք դա տնտեսության ընդհանուր զարգացմանը զուգընթաց: Իսկ մինչ այդ, պետք է շարունակաբար ավելացնենք առողջապահության պետական բյուջետային ֆինանսավորումը, իսկ ծախսերը դարձնենք առավել վերահսկելի և արդյունավետ՝ երաշխավորելով ՀՀ ցանկացած քաղաքացու համար առողջապահական ծառայությունների անվճար բազային ծածկույթ: Պետական բյուջեյից առողջապահության բնագավառին հատկացվող գումարը պետք ՝ մոտեցնել 4 %-ի:

Առողջապահությանը հատկացվող պետական բյուջետային միջոցները ՝ ներառյալ սոց.փաթեթի շահառուների հատկացվող ողջ գումարը պետք է տնօրինի , բաշխի և վերահսկի Պետական առողջապահական հիմնադրամը, որը պետք է ստեղծվի ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության հիմքի վրա: Մեր տեսլականն է, որ այն պետք է հանվի առողջապահության նախարարության ենթակայությունից և կառավարվի հիմնադրամի խորհրդի կողմից, որը ունենա բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անդամներ , ովքեր կնշանակվեն ՀՀ Կառավարության որոշմամբ:

Մենք կարծում ենք, որ պետական միջոցները մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջոցով բաշխելը , երբ դրա մի զգալի մասը , արդյունքում որպես շահույթ մնում է այդ ապահովագրական ընկերություններում և հետ չի վերադառնում առողջապահական համակարգ, անարդյունավետ է և ըստ էության չհիմնավորված շռայլություն: Սա չէ ճանապարհը երկրում ապահովագրական բժշկության մշակույթը ներդնելու: Դասական առումով դա ընդհանրապես ապահովագրական բժշկություն չէ և սոցփաթեթով տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները պետք է վերադարձնել պետությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: