Տոտենհեմը և Էվերթոնը կպայքարեն հայազգի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար


14:22 , 14 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմը» և «Էվերթոնը» կպայքարեն «Լոս Անջելես» ակումբի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերն այս ամռանը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է TalkSport-ը։

23-ամյա ուրուգվայահայ ֆուտբոլիստը ստացել է «նոր Լուիս Սուարես» մականունը և նվաճել է «Ոսկե խաղակոշիկը» 2020 MLS Is Back մրցաշարում՝ խփելով 7 գոլ: Ռոսսին նաև ճանաչվել է MLS- ի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը:

Մինչ այժմ Մարաշլյանը Ուրուգվայը ներկայացրել է 15-ից մինչև 21 տարեկանների մակարդակում, և ըստ աղբյուրի, շուտով կարող է ընդգրկվել նաև ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը հայրական կողմից իտալական ծագում ունի:

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։ Ֆուտբոլիստը նաև չի հրավիրվել Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի ընթացիկ խաղարկությանը։

Ռոսսին Կալիֆոռնիական ակումբի կազմում անցկացրած 107 խաղում իր ակտիվում ունի 56 գոլ և 21 գոլային փոխանցում։ «Էվերթոնը» և  «Տոտենհեմը» այս պահին փնտրում են հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակ։