«Էլենը պունկտուալ չէ և միշտ ուշանում է». Նիկ Եգիբյանը՝ Էլեն Ասատրյանի հետ համագործակցության և Լիանա Վանոյանի հետ հումորային նոր զուգերգի մասին


18:29 , 9 հունիս, 2021

Օրերս երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը և Էլեն Ասատրյանը երկրպագուների դատին են հանձնել իրենց նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Անտանելի ես» երգի հիման վրա:
BlogNews.am կայքի հետ զրույցում Նիկը պատմում է սպասվող նորությունների, Էլենի հետ համագործակցության, ինչպես նաև մոր մահվանից հետո իր հոգեվիճակի ու անձնականի մասին:

Նիկը հայտնում է, որ շուտով կներկայացնի ևս մեկ դուետ. այս անգամ նա կհամագործակցի դերասանուհի Լիանա Վանոյանի հետ:

««Կհիշես» ալբոմից մեկ երգ կկատարեմ Լիանա Վանոյանի հետ. այն ավելի հումորային տեքստով է: Հենց դրա հիման վրա կնկարահանվի մյուս տեսահոլովակը:

Ապագայում երկու երգերի հիման վրա  կներկայացնեմ նոր տեսահոլովակներ ու դրանից հետո երկար դադար կվերցնեմ: Վերջերս կարծում եմ, որ շատ-շատ երգեր ու տեսահոլովակներ ներկայացրի ու փոքր ընդմիջումը չի խանգարի»,- ասում է նա:

Խոսելով իր և Էլենի համագործակցության մասին՝ Նիկը պատմում է.«Երգը վաղուց կար, Էլենի համար էի գրել, հետո Էլենը որոշեց ուրիշ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, ես էլ առաջարկեցի այս երգը որպես դուետ ներկայացնել:
Սա իմ ու Էլենի համատեղ երկրորդ աշխատանքն էր: Մինչ այդ իրականացրել էի նրա՝ «Սիրահարվել եմ» երգի գործիքավորումն ու նաև նկարահանել էի դրա տեսահոլովակը:
Էլենի հետ շատ հեշտ է ստացվում ստեղծագործական աշխատանքներ տանել, երևի նրանից է, որ ինձ վստահում է:

Նրա հետ համագործակցության դրական կողմն այն է, որ ամեն ինչ շատ հեշտ ու արագ է ստացվում և բարձր տրամադրությամբ: Իսկ բացասականը՝ Էլենի ոչ պունկտուալությունն է. միշտ ուշանում է կամ մոռանում»,- ժպիտով պատմում է նա: 

Նիկ Եգիբյանն ապրում էր դժվար օրեր. հենց ստեղծագործական գորոծունեությունն է օգնել նրան հաղթահարել բոլոր դժվարությունները, չնայած՝ փորձությունները շատ բան են փոխել նրա մեջ:

«Մայրիկս մահից հետո շատ-շատ եմ փոխվել. ավելի ինքնամփոփ եմ դարձել, ավելի քիչ եմ հետաքրքրվում, թե ուրիշներն ինչ կարծիք ունեն իմ կամ իմ ստեղծագործությունների մասին: Կարևորում եմ միայն բարյացկամ մարդկանց կարծիքն, ինձ հեռու եմ պահում բացասականից, այդ իսկ պատճառով հաճախ ապաակտիվացնում եմ սոցիալական կայքերում էջերս:

Նաև սկսել եմ քիչ հավատալ մարդկանց ու ավելի շատ կարևորել իմ «ես»-ը: Փորձում եմ իրականացնել բոլոր ցանկություններս. մեկ անգամ ենք ապրում, ու չգիտես, թե վաղն ինչ կլինի: Այդ ամեն ինչի մեջ ինձ փրկում են նոր երգերս, երկրպագոներս, ովքեր միշտ ուրախ են լսել ու գնահատել իմ արած աշխատանքը»,- կիսվում է Նիկը:

Նիկը պատմում է բարդ 2020-ից հետո իր մտքում հղացած կարևոր ծրագրի մասին․ «Մի քանի երկրների հայ համայնքներում փորձում եմ դպրոցներ հիմնել, որովհետև բոլորին հայտնի է՝ այն ժողովուրդը, որը չի կրթում իր ապագա սերունդներին, կորցնում է իր ինքնությունը և ձուլվելով այլ ազգերին՝ վերանում։ Ես փորձում եմ գոնե իմ լուման ներդնել այդ հարցում։

Դեռ նամակագրական փուլում է, կորոնավիրուսի հետևանքով: Ամեն դեպքում, ծրագիրն իրականանցելու համար անհրաժեշտ է իմ ներկայությունը: Հուսամ, որ 2022-ին պատկերը կփոխվի և տեսականից արդեն կանցնեմ գործնական քայլերի»:

Վերջերս Նիկն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր հետևորդներից մեկի հետ  նամակագրությամբ: Հետևորդը նշում էր, որ նախկինում Նիկի երգերն ավելի լավն էին, ու մեղադրում էր Նիկին սեփական երաժշտության որակը ցածրացնելու մեջ։ Մեկնաբանելով այս քննադատությունը՝ Նիկն ասում է. «Իմ էջում կան մարդիկ, ովքեր սիրել են իմ արվեստը՝ լսելով 10-12 տարի առաջ արված իմ երգերը: Բայց երբ նայում եմ հին երգերի մեկնաբանությունները, տեսնում եմ, որ այդ մարդկանցից շատերը չեն լայքել, չեն կիսվել այդ երգերով, բայց չէ՞ որ այժմ սոցիալական ցանցերում ամենից շատ հենց դա է կարևոր: Իսկ հիմա, երբ ինչ-որ վատ երգով եմ կիսվում տասն անգամ ավելի շատ դիտումներ եմ ունենում:

Մարդիկ փորձում են մեղադրել քեզ ռաբիս խաղիկներ անելու, երգերի որակը գցելու մեջ ու որակազրկում են: Այդ դեպքում առաջանում է մի հարց. իսկ ինչո՞ւ նախկինում իրենց հավանած երեգրը չէին լայքում կամ դրանցով չէին կսիվում: Վատաբանելուն էլ դեմ չեմ, որովհետև նույնիսկ այդ դիսլայքերն օգնում են տարածել կոնտենտը»

Նիկն այս ամենի պատճառով աենևին էլ չի սրտնեղում և հայտնում է, որ հենց այս ամենի հետևանքով էլ սկսեց գրել երգեր, որոնց համար ունկնդիրները շնորհակալ են, ցանկանում են լսել, կիսվել ու նաև գնալ իր համերգներին:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի